Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջին Հանրապետության ականավոր գործիչների ժառանգները Երեւանում են (Տեսանյութ)

Մայիս 26,2018 15:31

Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ Հայաստան են ժամանել մի շարք ականավոր քաղաքական գործիչների ժառանգները, այդ թվում՝ Արամ Երկանյանի ծոռնուհին՝ Ալեքսիա Ասատուրյանը: Արամ Երկանյանն ազատագրական շարժման գործիչներից է. 1921 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակում նա Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացրել է երիտթուրք գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին: Նրա ժառանգներն այժմ բնակվում են Արգենտինայի մայրաքաղաքում  եւ տոնական միջոցառումներին մասնակցելու համար Երեւան են ժամանել: Ալեքսիա Ասատուրյանը լրագրողներին պատմեց, որ Արամ Երկանյանը ժամանակին Արգենտինայում է ամուսնացել:

«Տատիկս՝ նրա դուստրը, այժմ 86 տարեկան է: Մեր ընտանիքում շատ ենք կարեւորել հայի ինքնության պահպանումը եւ հայերի հետ ենք ամուսնացել»,-ընդգծեց նա: Ապա հավելեց, որ Երկանյանն իր  դստերն այդպես էլ չի տեսել, քանի որ մահացել  է թոքախտից. «Ժառանգներս, սակայն, լավ գիտենք նրա պատմությունը: Գիտենք, որ նա մեծ մարդ է եղել»: Ալեքսիայի ամուսինը՝ Ալեխանդրո Միքայելյանն էլ նշեց՝ Արգենտինայում ուշադիր հետեւել են հայաստանյան վերջին բազմամարդ ցույցերին եւ աջակցության երթեր կազմակերպել. «Այսօր հպարտ ենք, որ ժողովուրդը ուրախ է: Ուզում ենք, որ նոր Հայաստանում վերջապես ամեն ինչ լավ լինի»:

«Շատ էինք հուզվել: Ցանկանում ենք օր օրի ավելի լավ Հայաստան տեսնել»,-իր հերթին վերհիշեց Ալեքսիա Ասատուրյանը՝ նաեւ տեղեկացնելով, որ մոտ քառասուն արգենտինահայ երիտասարդներ վերադարձել են հայրենիք եւ առայժմ ցանկանում են երեք տարով բնակություն հաստատել՝ աշխատելով կամավորական գործունեություն ծավալող կազմակերպություններում:

Արմեն Սահակյանն էլ Լոնդոնից է եկել՝ հայրենի Ստեփանավան գնալու համար: Նա 1918 թ.-ին  Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռն է: Լրագրողներին Արմեն Սահակյանը տեղեկացրեց, որ շուտով Լոնդոնում իր անձնական միջոցներով տեղադրվելու է Ավետիք Սահակյանի հուշարձանը: «Այսօր էլ կան անձինք, որոնք ժառանգել են նման գործիչների արժանիքները: Այդպիսի մարդիկ պետք է գիտակցեն, թե ինչ անցյալ ունի Հայաստանը եւ ինչպիսի ապագա պետք է ունենա»,-ասաց Սահակյանը: Նա նաեւ դրական գնահատեց «Իմ քայլը» ժողովրդական շարժմանը. «Այն ցույց տվեց, որ քաղաքացիները հիշում են իրենց պատմությունը»:

Միքայել Վերմիշյանն էլ 1918թ. առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կոալիցիոն կառավարության ՀԺԿ-ական երկրորդ նախարար Գևորգ բեկ Մելիք-Ղարագյոզյանի եւ Պարենային ապահովության նախարար Քրիստափոր Վերմիշյանի ժառանգն է: Ասում է՝ այսօր իր պապերի պես գործիչներ չկան, ժամանակները եւ չափանիշներն են փոխվել: Իր ականավոր պապի մասին նա մի դրվագ վերհիշեց. «1918թ. Մելիք-Ղարագյոզյանը հայկական պատվիրակության կազմում մեկնել էր Գերմանիա, եւ նրան ընդունել էր այդ երկրի արտգործնախարարը: Հայկական պատվիրակությունը հայանպաստ գործեր է կատարել: Պապս հասկացել է, որ Գերմանիան է «շիրա տալիս» թուրքերին՝ հայերի հանդեպ ցեղասպանություն կատարելու գործում: Այդ մասին պապս ուշագրավ  գիրք է գրել, որը լույս կտեսնի հունիսին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031