Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի և ԱՄՆ-ի ծանր նախապայմանները «Միասնական և համապարփակ գործողությունների ծրագիրը» փլուզման եզրին են հասցրել

Մայիս 26,2018 15:21

Իրանի միջուկային գործունեության սահմանափակման Միասնական և համապարփակ գործողությունների ծրագիրը (Joint Comprehensive Plan of Action) ստորագրած երկրների (6+1) հանձնաժողովը երեկ առաջին անգամ առանց ԱՄՆ-ի  մասնակցության նիստ գումարեց։ Նիստն ընթանում է Վիեննայում` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի փոխարտգործ նախարարների, Եվրոմիության և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագիրը վավերացվել է 2015 թվականի ամռան, բայց  ԱՄՆ-ի  նոր իշխանությունները դա համարեցին անբավարար և երեք շաբաթ առաջ հետ վերցրին իրենց ստորագրությունը։ Միավորված Ազգերի կազմակերպության կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն նիստում հայտարարեց, որ Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին և միջուկային ծրագրերի սահմանափակման հարցով շարունակում է կատարել իր միջազգային պարտավորությունները։

Ծրագիրը հաստատած մյուս հինգ երկիրը և  Եվրոմիությունը կողմ են, որ Իրանի հետ շարունակեն համագործակցությունը և պահպանեն մշակված ծրագրի դրույթները, բայց քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցների պայմաններում անհնար է Իրանի հետ աշխատել։ Թեհրանը դիմելով այս նիստին երաշխիքներ է փնտրում, որ ԱՄՆ-ի բացակայության պայմաններում Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն օժանդակել Իրանի տնտեսության զարգացման ծրագրերին, այլապես ինքն էլ կհրաժարվի իր պարտավորություններից և կվերսկսի ուրանի քսան տոկոսանոց հարստացման ծրագիրը։  Եվրոպացիները վերջին օրերին զուր ջանքեր թափեցին, որպեսզի գոնե Իրանի հետ համագործակցող իրենց ընկերություններին զերծ պահեն պատժամիջոցներից․ այժմ Եվրոպական մի շարք տնտեսական հսկաներ ինչպիսիք են Տոտալը և Էյրբասը, առկախել են Իրանի հետ ունեցած իրենց համագործակցության ծրագրերը։

Իրանի պետության առաջնորդ Խամենեին Վիեննայի նիստի նախօրյակին Եվրոպական երկրներից և հատկապես Ֆրանսիա-Գերմանիա-Մեծ Բրիտանիա եռյակից պահանջել է դատապարտեն ԱՄՆ-ի միակողմանի քայլը, որով ոտնահարել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձևը, չքննարկեն Իրանի հրթիռային և տարածաշրջանային ներկայության քաղաքականությունը, Իրանի դեմ պատժամիջոցներ չկիրառեն, երաշխավորեն Իրանի նավթի վաճառքը և բանկային գործարքները։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն ևս արձագանքելով Եվրոպացիների խնդրանքներին, Իրանի հետ գործողությունների նոր ծրագիր մշակելու համար 12 նախապայման է առաջ քաշել։ Դրանք են՝ Իրանի միջուկային ծրագրի ռազմական հատվածի բացահայտում ՄԱԳԱՏԷ-ի համար և դրանից վերջնական հրաժարում, ուրանի հարստացումից հրաժարում, ստուգումների կատարյալ հնարավորություն ՄԱԳԱՏԷ-ի համար, հեռահար հրթիռների արտադրությունից և փորձարկումից հրաժարում, ԱՄՆ և զինակից երկրների կալանավոր քաղաքացիների ազատ արձակում, իսլամական ծայրահեղական խմբավորումների (Հեզբօլլահ-Ջահադ իսլամի-Համաս, Եմենի հութիներ, Աֆղանստանի թալիբներ) հովանավորությունից հրաժարում, Իրաքի ինքնիշխանության ճանաչում և շիա զինյալների զինաթափում, Սիրիայից իրանական զորքերի դուրս բերում, «Ղոդս» զորամիավորման (Իսլամական հեղափոխության պահպանության բանակի արտասահմանյան բաժին) հետ կանչում, հարևաններին ու նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային բարեկամներին սպառնալու քաղաքականությունից հրաժարում (Իսրայել, Սաուդական Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ):

Փորձագետների կարծիքով Եվրոպացիների համար մանևրելու շատ քիչ տեղ է մնացել, Ռուսաստանն ու Չինաստանն առանց այդ էլ բարդ կացության մեջ են գտնվում և ոչ մեկը ի զորու չէ փրկել Իրանի հետ ստորագրած 2015 թվականի համաձայնագիրը․ Իրանում ևս համաձայնագրի պահպանման ջատագով նախագահ Ռոհանիի դեմ  ճնշումները սաստկանում են և Միասնական և համապարփակ գործողությունների ծրագրի փլուզումը անխուսափելի է։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031