«Մտահոգություն ունեմ՝ երբ հայտարարում են, որ Արցախն ինքը պետք է շարունակի բանակցությունները, դա հեքիաթային է թվում»,-«Դեբատ» բանավեճի ակումբում այսօր լրագրողների հետը հանդիպման անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ճիշտ խորհուրդներ պետք է տանք Նիկոլ Փաշինյանին ու հասկանանք, որ նման կտրուկ հայտարարություններ անելը ճիշտ չէ, որ ամեն ինչ փուլեր ունի: Առաջին փուլում պետք է նախապատրաստել, որպեսզի Արցախը մտնի բանակցային գործընթացի մեջ»,-հավելեց քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ միանգամից նման հայտարարություններ անելը վտանգներ կարող է ունենալ:
«Բանակցային գործընթացը կարող է տապալվել, իսկ դա վտանգներով է լի: Մեզ համար այսօր շահավետ չէ պատերազմը: Ավելի լավ է սառը պատերազմը, քան տաքը»,-նկատեց Երվանդ Բոզոյանը: Նա վտանգներ է տեսնում նաեւ վարչապետի այն հայտարարության մեջ, որ ինքը հրամաններ չի տալու դատական համակարգին. «Խնդիրն այն է, որ դատական համակարգը սովոր է հրամաններ ստանալ հին իշխանություններից: Եթե հիմա չի ստանում, շարունակում է ստանալ հնից: Ինքնուրույն գործելու սովորույթ չունի»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ նոր իշխանությունը մտադիր է աշնանը խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, Երվանդ Բոզոյանը նկատեց. «Նոր ընտրական օրենսգիրք պետք է ընդունվի: Վարկանիշային ընտրակարգը պետք է վերանա, դա «թաղի տղերքի» համակարգ է: Ընտրակաշառքի գործոնը եւս պետք է բացառվի: Քաղաքական կամք է պետք նաեւ, որպեսզի իրավապահներն աշխատեն դրա դեմ: Կաշառք տվողը եւ վերցնողը պետք է գիտակցեն, որ դա հանցագործություն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ