«Համոզված եմ, որ հիմա ՀՀԿ-ն չունի այն հնարավորությունները, որոնց մասին ՀՀԿ-ականները հայտարարում են: Կասկածում եմ, որ այս «ալիքից» հետո նրանք «ոչ գումարային» տարբերակով կարողանան հայտնվել խորհրդարանում»,-«Դեբատ» բանավեճի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը մտադիր է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը: «Կարծում են՝ այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կլինի հետեւյալ պատկերը՝ Նիկոլ եւ «հականիկոլներ», որովհետեւ հետհեղափոխական իրավիճակի օրենսդրական արտացոլումը շարունակվում է»,-հավելեց նա:
Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում այն փաստը, որ Փաշինյանը խոսում է Սահմանադրության որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին. «Կիսանախագահական համակարգի պետք է վերադառնանք, որտեղ նախագահը պետք է լինի ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչ: Կառավարությունն էլ մենեջմենթով եւ տնտեսական հարցերով պետք է զբաղվի»:
Իգիթյանի խոսքով՝ որոշները նոր կառավարության երիտասարդ պաշտոնյաներին քննադատում են, քանի որ հասարակությունը նրանց հետ իսկապես հույսեր են կապում. «Նախորդների հետ հույսեր չէին կապում: Ինձ համար կարեւոր է, որ կառավարությունում լինեն նոր մարդիկ, որոնք թաթախված չեն կոռուպցիոն սխեմաների մեջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ