Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուին և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլև քաղաքակրթական առանձնահատկությունների տեսանկյունից:
Անդրադառնալով այլ երկրների հետ Արցախի համագործակցությանը` Վահրամ Բալայանը ընդգծել է, որ Արցախի իշխանությունների համար անչափ կարևոր է ինտեգրվել աշխարհին և փորձել ներկայացնել այն տեսլականը, որով ապրում է մեր ժողովուրդը:
«Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները, մեր դեսպանները իրենց երկրներում», – շեշտել է ԱԺ փոխնախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները հեռվից են գալիս և նույն ուղղությունն ունեն:
Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև փոխգործակցության զարգացման և գործնական հարաբերությունների ամրապնդման շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին