Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակում լուրջ փոփոխությունների կարիք ունենք, և դա պետք է հաղթահարվի ավելի եռանդուն և նախաձեռնող սպաների միջոցով. Հայկ Խանումյան

Մայիս 26,2018 12:38

«Բանակում լուրջ լճացում կա և  լուրջ փոփոխությունների կարիք ունենք, այդ թվում կադրային, և դա պետք է հաղթահարվի ավելի եռանդուն և ավելի նախաձեռնող սպաների միջոցով»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա ասաց, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի և զինված ուժերի շտաբի պետի վերաբերյալ կարծիք չի կարող արտահայտել, քանի որ լավ չի ճանաչում նրանց: Իսկ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասին, Հայկ Խանումյանն ասաց հետևյալը.

«Զոհրաբ Մնացականյանի աշխատանքը ես տեսել եմ Ստրասբուրգում, երբ նա Եվրոպայի Խորհուրդում Հայաստանի դեսպանն էր: Կասեմ, որ նա բավականին լարված ժամանակաշրջանում էր որպես դեսպան և բավականին արդյունավետ էր աշխատում: Ես կասկած չունեմ նրա դիվանագիտական ձիրքի և կարողությունների վերաբերյալ: Իսկ թե ինչպիսին պետք է լինի քաղաքականությունը, որը պետք է իրականացնի Զոհրաբ Մնացականյանը, այլ քննարկման թեմա է»,- նշեց Հ. Խանումյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղված բանակցային գործընթացի առկա փուլի մասին՝ նա նշեց, որ այսօր կանգնած ենք մի իրավիճակում, երբ բանակցությունները անկախ նրանից կան թե չկան, որևէ էական ազդեցություն չեն ունենում հակամարտության լարվածության վրա: «Բանակցությունները ինքնանպատակ չպետք է լինեն: Ինքնանպատակ պետք է լինի հարցի կարգավորման ուղղությամբ տարվող քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հնչեցրեց կարևոր թեզեր, որոնք  նորություն էին այն առումով, որ հնչում էին Հայաստանի ղեկավարի կողմից: Ըստ նրա` առաջինը և կարևորը այն էր, որ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, քանի որ առաջացել է այն ժամանակ, երբ քննարկվող տարածքների հարց չկար:

«Երկրորդը, որ կառանձնացնեի, այն է, որ խնդիրը կապված Արցախի հետ և Բաքուն պետք է այն Արցախի հետ լուծի: Սա կարծում եմ բավականին ողջամիտ տեսակետ է, քանի որ հակամարտության պատմությունը ցույց է տալիս ,որ հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց եղել է միայն այն ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն անմիջականորեն բանակցել են»,-ընդգծեց Հ. Խանումյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած Հայաստանի հակամարտության կողմ լինել չլինելու հարցին` Հայկ Խանումյանը նշեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանը նույնպես ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային, կորցնելով Արծվաշենը: Հետևաբար` Հայաստանը հակամարտության կողմ է և նույնպես հարցեր ունի Ադրբեջանի հետ: Ըստ նրա՝ դա չի խանգարում, որ Հայաստանը լինի նաև Արցախի  տարածքի և ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031