Մերձավորարեւելյան հակամարտությունն ու Էրդողանը Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ են բերում, իրազեկում է կաթոլիկական Domradio -ի կայքէջը` մայիսի 16-ին հրապարակելով Ալեքսանդր Բրյուգգեմաննի հոդվածը:
Ավետյաց երկրում նորից բռնկված հակամարտությունը, Սիրիայում չդադարող պատերազմը չափերով փոքր երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Ռումինիա, Ուզբեկստան են «ուղղորդում» մշակութային հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկներին: Ուշագրավ կարող են լինել ահաբեկչությունից հեռու, դեռեւս «չբացահայտված» մշակութային երկրները, որ կրոնական ժառանգության հետ կարեւորում են նաեւ բնապահպանական, աշխարհագրական կամ առողջապահական բնույթի արդի հարցերի ընդգրկումը: Ճգնաժամը փոքր երկրների համար հնարավորություն է դառնում՝ մշակույթի ու արվեստի հանդեպ հետաքրքրություն ունեցողների քանակական աճ է նկատվում դեպի Հայաստան, գրում է Բրյուգգեմաննը:
«Փոքր Հայաստանը մի ողջ տիեզերք է՝ աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրն է, բիբլիական վայր, Կովկասում հազարամյա մշակութային հենքով, սեփական լեզվով ու այբուբենով, որ ազգ է միավորում», ծանուցում է լրատուն՝ նկարագրելով զբոսաշրջիկներով լի ավտոբուսի՝ դեպի Սանահին դժվարամատչելի երթուղին: Ճամփորդության ղեկավար՝ Շվեյցարիայի Քուր (Chur) համալսարանի պրոֆեսոր Միշայել Ֆիիգերը նկատել է տալիս, որ Հայաստան ուղեւորությունների աճի «պատճառը նաեւ Էրդողանն է»: «Քանի այնտեղ նա է նախագահում, այցելություն այդ երկիր չեմ առաջնորդի», ասում է պրոֆեսորն ու մեկնաբանում՝ ինֆրակառուցվածքը հնարավոր է ավելի լավ վիճակում է, բայց քաղաքական առումով վտանգավոր կարող է լինել: Առանց պատճառի՝ «ահաբեկչության կասկածանքով» կարող են նույնիսկ զբոսաշրջիկին արգելափակել, կարծիք է հայտնում Ֆիիգերը:
Հիշյալ հոդվածում բավականաչափ առատ, մանրամասն տեղեկատվություն է տրամադրված Հայաստանի տեսարժան վայրերի, եկեղեցական համալիրների, հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների, աշխարհաքաղաքական վիճակի վերաբերյալ:
Գերմանական մեկ ուրիշ՝ «Ռայն Նեքար ցայթունգը» մայիսի 19-ին զբոսաշրջային թեման շարունակելով՝ մեր երկրի հետ ծանոթությունն այսպես է սկսում՝ թավշյա հեղափոխությունն այնտեղ հաջող ավարտ ունեցավ: «Հայաստանն արթնանում է» վերնագրյալ հոդվածը հենց այդ իրադարձությամբ ներկայացնելը ենթադրել է տալիս, թե վերջին շրջանում գերմանական լրատվամիջոցներում վերնագիր դարձած այդ խաղաղ հեղափոխությունն այլեւս արդի Հայաստանի կենսագրական դրական տեղորոշիչն է:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում