Կառավարությունն ու նրա ղեկավարը բռնել են գլխից` երեկվա նիստում վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել հանքարդյունահանմամբ զբաղվող 28 կազմակերպություններում: Հայաստանի ընդերքը վերջին տարիներին պարզապես մեջ-մեջ է արվել իշխանությանը սերտաճած մի քանի անձանց կողմից, ընդ որում` տարիների ընթացքում Ազգային ժողովն այդ անձանց սպասարկող այնպիսի օրենքներ է ընդունել, որ նրանք կարողացել են Հայաստանի ընդերքի հարստությունը, պարզապես խորհրդանշանական հարկային մուծումներ անելով բյուջեին, արտահանել երկրից եւ աստղաբաշխական շահույթներ ստանալ:
Դա պետք է վերացվի, քանի որ ընդերքը պետությանն ու նրա ժողովրդինն են, իսկ դրանից ստացված գերշահույթներն անհատների չպետք է հարստացնեն: Առայժմ սկսվելու են թափանցիկ ստուգումներ, հետագա միջոցառումներն ըստ այդ ստուգումների արդյունքների կլինեն. «Կոմպրոմիս չի լինելու», խոստացավ վարչապետը` նշելով, որ անհանդուրժելի է այն վիճակը, երբ այս ոլորտը օրենսդրությանն անհամապատասխան է գործում: Մի ուրիշ հարցի առթիվ էլ արձագանքելիս վարչապետը նշեց, թե Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, որ պետք է բերվի հարկման ոլորտ, այսինքն` երկրում փող կա, ու այդ փողը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է` բյուջեում:
Հայտնի դարձավ նաեւ, որ առկա է վարչական տուգանքների համաներման օրենքի նախագիծ, որով տեսանկարահանող սարքերի հիման վրա քաղաքացիներին ներկայացվող ճանապարհային խախտումների տուգանքները կարող են ներվել, համաներումը վերաբերելու է այս տարվա սկզբից մինչեւ ապրիլյան իրադարձությունների օրերը ներառող տուգանքներին:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում