Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառված ձեւաչափ

Մայիս 26,2018 10:00

Երկրի առաջին դեմքի եւ մտավորականների (մշակույթի, արվեստի գործիչների) հանդիպումները մշտապես ընթացել են միեւնույն սցենարով: 1993 թվականի աշնանը ես ներկա էի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մտավորականների հանդիպմանը, որի մասին «Երկիր» թերթը հաջորդ օրը գրել էր հոդված՝ «Նախագահ – մտավորականներ՝ 0:0» վերնագրով: Այդ պահից առ այսօր առանձնապես ոչ մի բան չի փոխվել: (Թե ինչ էր դրանից առաջ՝ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ «կենտկոմներում» մտավորականները նույն բաներն են խոսել):

Նման հանդիպումների երեք հիմնական «թեմաներն» են՝ 1/ քծնանքը, 2/ սեփական նախագծերի համար փող ուզելը, 3/ ուրիշների վրա գործ տալը՝ «ինչու եք թույլ տալիս այս խայտառակությունը» հանդիմանական տոնայնությամբ: Չանդրադառնալով առաջին երկու «ուղղություններին»` ուզում եմ երկու խոսք ասել «նաչալստվային» դիմելու եւ նրա միջոցով մշակութային խնդիրները լուծելու զուտ խորհրդային սովորությանը:

Մշակույթը չպիտի «ղեկավարվի» պետության կողմից, ոչ մի նախագահ, վարչապետ կամ նախարար չպիտի որեւէ բան թույլ տան կամ արգելեն: Կարծում եմ, որ նրանք պիտի զգույշ արտահայտեն իրենց անձնական կարծիքը, որովհետեւ մեր նման երկրում դա կարող է դիտվել որպես հրահանգ. Ֆրանսիայում կամ Գերմանիայում բարձրաստիճան պաշտոնյայի գնահատականը այս կամ ներկայացմանը, կտավին եւ հաղորդաշարին որեւէ «կազմակերպչական» հետեւանք չի ունենա, մեզանում առայժմ կարող է:

Մեր մշակութային գործիչների մտածողությունը շատ նման է խորհրդային հրաշալի կատակերգության՝ «Կառնավալային գիշերը» ֆիլմի գլխավոր հերոս Օգուրցովի մոտեցումներին, որը կարծում էր, թե մշակույթին պետք է «ուղղություն տալ» բյուրոկրատական ցուցումներով՝ եթե դա զավեշտալի էր 1956 թվականին, ապա 2018-ին դա նույնիսկ ծիծաղելի չէ: Տասնյակ տարիներ այդ մարդկանց մշակութային մտահոգությունը սահմանափակվում է՝ «ախ, այդ ցածրաճաշակ սերիալները» կամ  «ախ, այդ ռաբիզները» բացականչություններով: Մինչդեռ արվեստի իսկական մշակը մտածում է ոչ  թե վատը քննադատելու, այլ իր ուժերի սահմաններում լավը ստեղծելու մասին: Երբեք չեմ լսել, որ Տիգրան Մանսուրյանը բողոքի սերիալներից կամ ռաբիսներից ընդհանրապես, եւ, առավել եւս տրտնջա դրանց վերաբերյալ երկրի ղեկավարներին:

Մի խոսքով, հանդիպման այս ձեւաչափն առանձնապես իմաստալից չէ: Թե որն է ճիշտ ձեւաչափը՝ ես չգիտեմ: Պարզ է մի բան՝ պետք է մոտ 20 տարով իջեցնել հանդիպման մասնակից «մշակութային գործիչների» տարիքային ցենզը: Թե չէ ստացվում է, որ «գործիչների» մեծ մասը 50 անց մարդիկ են: Լավ է, գոնե նախարարն է երիտասարդ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ արդյունքում անցած տարիների մշակութային ամենամեծ ,,նվաճումը,,Գլամուրային չոբաններն են….

  2. Ruben says:

    «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:»

    Սփյուռքի նախարարությունը վերաանվանեք՝ օտարամոլության նախարարություն:

    Հիմնեք ադաթի նախարարություն, որը կմշակի եւ կիրականացնի ադաթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

    Ցավոք, ականատես եղանք 1990 – ականների ավանակատիրությանը, հետո՝ Ադրբեջանից ներմուծված կարմրափետուրավորների ավազակատիրությանը, հիմա էլ կրկին 1990 – ականների ավանակատիրության «դուխով» կարմրափետուրավորների ձվերով խաղալցողների ավանակատիրություն:

    Տխմարության հիմարության գագաթնակետ:

    • Հ.Շ. says:

      Սակայն Ռուբէն, ինչո՞ւ կը կարծես թէ համայն Սփիւռքը այլասեռած է, նաեւ մշակութային գետնի վրայ: Քեզ վստահեցնեմ, օտարութեան մէջ հայ մնացած, իրենց հայութեան կառչած հայերի մօտ, դրսում, շատ աւելի աւանդական արժէքներ, պահպանողական ըմբռնողութիւններ կան, քան թէ այսօր Հայաստանում:

      Իսկ Հայաստանի պարագային, այս նիւթի կապակցութեամբ, խնդիրը՝ հսկայական տարբերութիւնն է, հիմնականօրէն երկու մեծ քաղաքներու եւ մնացեալ ամբողջ երկրին միջեւ: Մինչ Երեւանը եւ Կիւմրին դարձած են արդիական «փորձառականութիւններու» հնոց, այդ գետնի վրայ յաճախ աւելի հեռու երթալով քան թէ արեւմտեան երկիրներու շատ մը շրջաններ, մնացեալ Հայաստանը դեռ չէ որոշած թէ ո՞րմէկ դարում է, 19րդ թէ 18րդ…

      • Ruben says:

        Խոսքս նախարարության մասին է, ոչ թե Սփյուռքի:

        • Հ.Շ. says:

          հասկցայ… շփոթած էի…

          Սփիւռքի նախարարութեան ամենածիծաղելի գաղափարը այդ «Սփիւռքի հայերու խորհրդարանն» է…

          այդպիսի մտայղացում մը բարձրագոյն փաստն է որ այդ նախարարութիւնը իսկապէս ծանօթ չէ Սփիւռքին

          յետոյ, իրոք կատակի նման են հնչում Սփիւռքեան իրաւացի խորհրդարան մը կազմելու խօսքերը, երբ որ Հայաստանի խորհրդարանը դեռ մի անգամ լիովին լեգիտիմ չէ նկատուած, եւ մանաւանդ ոչ Հայաստանի այն քաղաքական ուժին կողմէ որ այժմ այդ խօսքերը կ’արտայայտէ

          27 տարիներէ ետք, հըլէ մեյ մը իրենք թող մարդավարի ընտրութիւններով Հայաստանի իրաւացի խորհրդարան մը մէջտեղ բերեն, տեսնենք, ինչպէս որ խոստանում են, յետոյ կը խօսինք սփիւռքեան «խորհրդարանի» մը մասին

  3. Մարինա says:

    Տարիքն ինչ կապ ունի տաղանդի հետ, անհասկանալի է: Չեմ կարծում, որ Միքելանջելոն 20 տարեկանում ավելի տաղանդավոր էր, քան 80:
    Իսկ ՍՍՀՄ արվեստը բոլոր 15 հանրապետություններում բարձունքի վրա էր՝ հենց շնորհիվ այն բանի, որ պետությունը հսկում էր արվեստի որակը. դիտեք սովետական ֆիլմերը, կարդացեք քանդակների մասին, լսեք երգերը և դադարեցրեք առիթ-անառիթ քարկոծել այն երկիրը, որը ձերն է, ուզեք թե չուզեք: Մհեր Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, կարծեմ, նույնպես սովետական արվեստի ներկայացուցիչներ են:
    Այսօր Գերմանիան միայն շահում է նրանից, որ Գյոթեի անվան հայտնի ինստիտուտը ֆինանսավորվում է գերմանական կառավարության կողմից, ինչը ենթադրում է, որ այն հանդիսանում է վերջինիս արտաքին քաղաքականությունը իրականացնելու գործիքներից մեկը:

    • Ruben says:

      Շիլլերի «դուխով» (ոգով) էլ գերմանացին վերածնվեց եւ մնաց գերմանացի…
      Ազգային ոգու/հոգու պակաս կա Հայկական լեռնաշխարհում:

    • Հ.Շ. says:

      Այս նիւթով համաձայն պիտի ըլլամ Մարինային հետ: Խորհրդային Հայաստանի ժամանակ այդ երկրում հայ գեղարուեստը ապրեցաւ այնպիսի աճ մը, ծաղկում մը, վերելք մը, որ կարելի է նկատել որպէս մեր մշակութային ամենէն որակաւոր եւ բեղուն Զարթօնքը, Ոսկեդարից ի վեր, մինչեւ օրս:

      Հոն ուր համաձայն պիտի չըլլանք սակայն հետեւեալն է՝ այդպիսի կացութեան մը համար, պէտք է որ ունենաս այդպիսի Պետութիւն…

      Եւ կը կարծեմ թէ նաեւ այս տեսակէտից է որ Խմբագիրը ասում է ինչ որ ասում է: Իր մօտեցումը լինելով pragmatic, եւ ոչ թէ վերացական… երազային…

  4. Հարգելի ընթերցող,

    Երկիր, ժողովուրդ, պետություն հասկացողությունը իր մեջ ընդգրկում է պետականության այն

    համակարգը, որի մեջ մշակույթը կարեւորագույն սյուներց մեկն է:

    Առանց մշակույթի նախարարության մենք Երկիր, ժողովուրդ, պետություն կոչվելու իրավունք չենք

    ունենա:

    Հոտվածի նպատակն այն է որ ուզում է այս նախարարությանը նոր կարգավիճակով տեսնել,

    ահավոր բարդ հարց է, այո նրա արտահայտած մտահոգությունները շատ տեղին են, բայց պետք է

    իմանալ, որ ճար չունենք, պետք է անպայման նոր աշխատելակեպ որդեգրենք, որպեսզի

    մշակույթի մարդը իրեն պիտանի զգա իր երկրում:

    Մի եղեք քննադատող, այլ եղեք օգնող, թէ ինչպես, դուք ինձանից լավ գիտեք:

    Բայց եթե իսկապես չգիտեք…

    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031