Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանն ասում է` Հայաստանը փոքր երկիր է, իրական հանցագործներին կարելի է հեշտ գտնել, բայց ոչ Երեւանի քաղաքապետարանի շենքում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքապետի հրաժարականի պահանջներին:
– Իմ պատասխանը կընկալվի որպես շահագրգիռ մարդու սուբյեկտիվ դիրքորոշում, բայց թույլ տվեք երկու՝ իրապես շատ օբյեկտիվ դիտարկում անել: Առաջին՝ եթե տեղական ինքնակառավարման մարմինները իսկապես անկախ լինեն կենտրոնական իշխանություններից, այսինքն՝ Երեւանի քաղաքապետը լինի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, դա շատ ավելի լավ կլինի թե՛ ամեն երեւանցու համար եւ թե՛ պետության ընդհանուր ժողովրդավարական մթնոլորտի համար: Միայն թե չասեք՝ բա նախկինում ինչո՞ւ այդպես չէր: Լավ կլինի, որ գոնե հիմա այդպես լինի: Չէ՞ որ նոր իշխանությունները ասում են, որ ուզում են ամեն ինչ լինի ավելի լավ, քան նախկինում էր:
Երկրորդ՝ Երեւանի կառավարումը իրապես լավ է արվում: Հիմա բոլոր նրանք, ովքեր բողոքում են Երեւանի կանաչ տարածքների սակավությունից, ասֆալտապատումից կամ մաքրությունից, հաստատ մոռացել են, թե ինչ էր կատարվում Երեւանում Տարոն Մարգարյանից առաջ: Նրանք նաեւ լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ սարսափելի վիճակում կարող է հայտնվել իրենց բակը, փողոցը կամ տունը, եթե Երեւանի քաղաքապետ դառնա իրենց աչքին կամ ականջին հաճելի մեկը, ով չունի այդ ոլորտում մասնագիտացված կառավարման փորձ: Այնպես որ՝ քաղաքական տրամադրությունները ճիշտ չէ տարածել այն ոլորտների վրա, որտեղ պետք է իրապես ուժեղ եւ ոլորտի նեղ մասնագետ կառավարիչ՝ կոմունալ, կենցաղային, տնտեսական եւ պետական կառավարման լուրջ փորձառությամբ: Ոլորտներ կան, որ փորձաքար չպետք է դառնան, եւ հրաժարականներ կան, որ կարող են իրոք վատացնել միլիոնավոր մարդկանց կյանքը:
– Օրերս մամուլում մանրամասներ հրապարակվեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների փակ հանդիպումից, որտեղ քննարկվում են քաղաքապետի հնարավոր հրաժարականի եւ դրանց դիմակայելու տարբերակները: Փաստորեն, Տարոն Մարգարյանը մտահոգվելու կարիք ունի իր թիմակիցների մասով, թեեւ այդ հանդիպման ժամանակ ասել է, որ վստահում է բոլորին: Փակ խոսակցությունը սպրդեց մամուլ: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունից առնետավազք կլինի՞:
– Նախ գաղտնալսումներն ու փակ ժողովների գաղտնի ձայնագրությունները ընդունելի չեն ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական տեսանկյուններից: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու խմբակցության ամրությանը, ապա կարծում եմ, որ մենք ավելի միահամուռ ենք, քան երբեւէ: Այսօր է երեւում, թե ով է եղել Հանրապետական կուսակցության անդամ իր գաղափարներով ու խղճով, եւ ով է միացել օրվա իշխանությանը՝ անձնական շահերի կամ իր կեղտոտ մղումներին հագուրդ տալու համար: Եթե այսօր որեւէ մեկը հեռանա կուսակցության որեւէ կառույցից, ապա այդ մարդուն պիտի շատ վախով ու զգուշությամբ ընդունեն որեւէ այլ թիմում: Նման մարդիկ նողկալի են՝ անկախ իրենց բոլոր վերամբարձ բացատրություններից կամ ինքնարդարացումներից: Հուրախություն մեզ բոլորիս՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունում նման առնետներ չեն բուծվել, եւ հուսով եմ՝ երբեք չեն հայտնվի:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել, որ չի միջամտելու իշխանության այլ թեւերի աշխատանքներին, բայց օրերս ասաց` եթե ինքը Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, վերջինս ականջալուր կլինի իրեն: Կհորդորի՞ վարչապետը քաղաքապետին հեռանալ:
– Եթե երբեւէ կառավարությունը կամ դրա ղեկավարը փորձեն ճնշել որեւէ քաղաքապետի կամ գյուղապետի, եթե փորձեն օգտագործել իրենց լծակները նրանց հրաժարականը ստանալու համար, ապա կխախտվի իշխանությունների տարանջատման սահմանադրական պահանջը: Ես հավատում եմ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին եւ նրա կողմից որդեգրված ու հրապարակված օրինապաշտությանը:
– Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վերցրեց պատգամավորական մանդատը, բայց հայտարարում է այն վայր դնելու պատրաստակամության մասին` հանուն Երեւանի: Ասում է՝ Տարոն Մարգարյանի ապօրինությունները կանխելու համար է ցանկանում վերադառնալ քաղաքապետարանի աշխատանքին: Երեկ քաղաքապետի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է Երեւանի ավագանու մանդատից: Ալեն Սիմոնյանը, ի դեպ, չէր թաքցնում Երեւանի քաղաքապետ դառնալու իր հավակնությունները: Նրան ավագանու անդամի մանդատից զրկելը, այսպես ասած, կանխարգելիչ-պատժիչ միջոցառում է կարծես:
– Ինչ վերաբերում է պարոն Սիմոնյանի կարիերայի հավակնություններին, ես անձամբ վստահ եմ, որ նա կարող է լրջագույն հաջողությունների հասնել օրենսդիր մարմնում: Անձամբ ես վստահ եմ, որ նա կարող էր նաեւ մեծ ներդրում ունենալ լրատվական դաշտի կարգավորման եւ ազատականացման գործում: Պարոն Սիմոնյանը կարող էր արժանիորեն ստանձնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը, քանի որ նա ունի լրատվական ոլորտի բարձր գիտելիքներ եւ մեծ փորձառություն, իսկ այդ ոլորտներում վիճակը իրապես օրհասական է: Ինչ վերաբերում է պարոն Սիմոնյանի՝ ավագանու անդամությունը դադարեցնելուն, ապա դա պայմանավորված է նրա պատգամավորական մանդատ վերցնելու հետ եւ ոչ մի պատժիչ կամ այլ բացասական երանգ դրա տակ պետք չէ փնտրել: Իրավական գործընթաց է տեղի ունեցել եւ օրենքի տառին համապատասխան դադարեցվել է ավագանու անդամի լիազորությունները, քանի որ պատգամավոր լինելը անհամատեղելի էր ավագանու անդամ լինելու հետ: Ուշացած կամ օրենքի պահանջները խախտող գործընթացներով այլեւս հնարավոր չէ վերականգնել նրա լիազորությունները Երեւանի ավագանիում:
– Ի դեպ, Տարոն Մարգարյանի կողմից իրականացվող ի՞նչ ապօրինությունների մասին է խոսում Ալեն Սիմոնյանը: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ կարո՞ղ են հայտնվել այն ցուցակներում, որոնց գաղտնազերծման մասին խոսեց ԱԱԾ պետը:
– Տարոն Մարգարյանի գործած ապօրինությունների մասին բոլոր պնդումները մերկապարանոց են եւ առանց որեւէ հիմնավորվածության: Սեփական հեղինակությունը ընդգծելու կամ բարձրացնելու համար պետք չէ հարձակումներ գործել երկար տարիներ Ավանը, իսկ հետո նաեւ ողջ Երեւանը զարգացրած քաղաքապետի դեմ:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու անդամներին, ես բոլորին այնտեղ ճանաչում եմ եւ չեմ կարծում, որ Երեւանի իշխանություններից որեւէ մեկին կարելի է նույնիսկ հեռավոր կերպով կասկածել այդ ցուցակի մաս կազմելու մեջ: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է եւ իրական հանցագործներին կարելի է հեշտ գտնել, բայց ոչ Երեւանի քաղաքապետարանի շենքում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
25.05.2018