Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ ուղերձ կհղի Փաշինյանը Բրյուսելին

Մայիս 26,2018 12:00

ԵՄ-ն վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին
ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ

Հունիսի 1-ից կմեկնարկի ԵՄ-Հայաստան համաձայնագրի պրակտիկ փուլը, այն ուժի մեջ է մտնում անցումային դրույթներով: Համաձայնագիրը մեր երկրում տարբեր ոլորտներում դրական զարգացումների հնարավորություն է:

Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ՝ շաբաթներ առաջ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք պատրաստ ենք նոր կառավարության հետ քննարկել հիմնական ակնկալիքները եւ առաջնահերթությունները: Թեեւ հավատացած եմ, որ մեր մոտեցման ընդհանուր հարթակը պետք է կառուցված լինի ժամանակ չկորցնելու սկզբունքի վրա, քանզի նոր համաձայնագիրը պարունակում է մի շարք կարեւոր հնարավորություններ, եւ մենք լի ենք էներգիայով համագործակցելու մեր հայ գործընկերների հետ՝ իրականացնելու համաձայնագրի դրույթները… Այս փաստաթուղթը պետք է դարձնենք իրականություն՝ շոշափելի, տեսանելի արդյունքներով սովորական հայ քաղաքացու համար»:

Օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ-ում հարց ուղղեց, թե ի՞նչ է արել կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչվի: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, մենք շփումների ընթացքում հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ գործընթացը ԵՄ երկրներում կարագանա»:
Մայիսի կեսին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր հավանությունը տվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Մայիսի 16-ին Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստն էր, որը Հայաստանի նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդհանուր հանդիսացող արժեքներին: Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված եւ 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու եւ այս կարեւորագույն ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:

Ի թիվս այլ հարցերի՝ Եվրամիությունը եւ Հայաստանը քննարկել են ընտրական բարեփոխումներին, հավաքների եւ կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաեւ աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչեւ արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:
Կողմերն ընդգծել էին, որ հավաքների ազատությունը համընդհանուր եւ հիմնարար ազատություն է: Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաեւ բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը: Նաեւ հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ եւ բազմակարծիք լրատվական միջավայրի եւ քաղաքական բազմակարծության կարեւորությունը:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության ընդունման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Հայկական կողմը նշեց, որ աշխատանքի իրավունքի ոլորտում ծրագրում է բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի եւ աշխատողների իրավունքների տեսանկյունից:

Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց եւ կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել եւ խորհրդակցել էր հայաստանյան եւ միջազգային քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի եւ հետեւողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:

ԵՄ-ն վերահաստատել էր պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները համաձայնագրին իրենց աջակցությունը հայտնեցին 55 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով: Համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կլինի Ստրասբուրգում՝ 2018թ. հուլիսին:

Մայիսի 9-ին ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջինիս շնորհավորել էր Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նրանք կարեւորել էին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունները, եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի վարչապետին հրավիրել էր առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:

Մայիսի 16-ին կայացած Եվրոպայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) նիստին Փաշինյանը Եվրոպա չմեկնեց: Հենց այդ օրը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց ու հավանություն տվեց ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Մամուլում տեղեկություններ կան, որ Հայաստանի վարչապետին հրավիրել են Բրյուսել՝ մասնակցելու առաջիկայում բարձր ներկայացուցչական հանդիպման: Մասնավորապես, «Ժամանակ» թերթն օրերս գրել էր, որ Ն. Փաշինյանը հրավեր է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին: Ավելին՝ ըստ թերթի՝ Հայաստանը, չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլեւ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում:

Թե ինչ ուղերձներ կհղի առաջիկայում Բրյուսելին Փաշինյանը՝ պարզ կլինի քիչ անց: Մինչ այդ ԵՄ պաշտոնյաները խոստանում են օգնել՝ «հույսը հասցնել իրականության»: Հայաստանում Եվրամիության դեսպանը հավատացած է՝ երկրում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական եւ խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին, ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանի Հանրապետության բնակչության եւ քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր:
«Այդ զարգացումները եւ իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, եւ այդ ներուժը պետք է օգտագործել երկրի զարգացման համար»,- ըստ «Ազատության»՝ ասել է ԵՄ դեսպանն անցյալ շաբաթ Վանաձորում: «Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետորեն կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունը իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան գերակայող դիրքեր շուկայում»:
Սվիտալսկին վստահ է, որ երիտասարդները բավականին առողջ ակնկալիքներ ունեն, միեւնույն ժամանակ նա խորհուրդ է տալիս համբերատար լինել. «Պետք է համբերատար լինել, որովհետեւ նմանատիպ իրադարձություններից հետո, որ տեղի են ունեցել այլ երկրներում, ապացուցվել է, որ նման փոփոխություններ մեկ օրվա ընթացքում անել հնարավոր չէ: Համենայնդեպս, մի բան, որ, վստահաբար, ես նկատել եմ, այն է, որ երիտասարդների դեմքերը փոխվել են, այսօր երիտասարդները ապագային նայում են հույսով: Իսկ մենք կօգնենք այդ հույսը հասցնել իրականության»:

Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաեւ վիզաների ազատականացմանը, Սվիտալսկին պատասխանել էր, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, եւ գործընթացը դրական արդյունք է ունենալու:

Նշենք, որ վերջերս Հայաստան էր ժամանել պատվիրակություն Եվրամիությունից: Հայաստանում բանակցությունների օրակարգային հիմնական հարցը այցագրերի ազատականացման խնդիրն էր: «Միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, եւ եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար»,- օրերս նշել է ԵՄ դեսպան Սվիտալսկին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031