Հարգարժան վարչապետ. շուրջ 9 ամիս 17 օր գտնվում եմ կալանքի տակ: Դիմում եմ Ձեզ, պարզապես տեղեկացնելու համար ՀՀ դատախազության եւ քննչական մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործերով մարդու իրավունքների խախտման մասին։
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հետեւանքները։ Հիշյալ հոդվածի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստը կարող է հաստատվել բացառապես հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ավտոտեխնիկական փորձագետի համապատասխան եզրակացությամբ եւ մինչեւ փորձագետի եզրակացությունը վարորդի մեղքի առկայությունը հնարավոր չէ հաստատել կամ հերքել։
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործերով նման մոտեցում է ցուցաբերվել մինչեւ 2016 թվականը, որից հետո դատախազությունը եւ քննչական մարմինները որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը։ Նախ՝ առանց փորձագետի եզրակացության վարորդին ձերբակալում են, ապա մեղադրանք են առաջադրում՝ մեղադրանքի որոշմամբ նրան մեղսագրելով ճանապարհային երթեւեկության կանոնների այն խախտումները, որոնց մասին քննիչը կարող է ենթադրել, որից հետո անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է հարուցվում, որը դատարանը բնականաբար բավարարում է։ Մի խոսքով, վարորդը կալանավորվում է, պահվում կալանքի տակ, որի ընթացքում նոր միայն նշանակվում է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար, թե անձը արդյոք խախտե՞լ է ճանապարհային երթեւեկության կանոնները, թե՝ ոչ։
Ակնհայտ է, որ քննիչը, ով վարորդին մեղադրել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ամեն կերպ փորձում է հասնել նրան, որպեսզի փորձագետը իր եզրակացությամբ հաստատի վարորդի գործողություններում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը։ Այդ նպատակով քննիչը ելակետային տվյալները համապատասխանեցնում է իր կողմից արդեն իսկ կանխակալ վերաբերմունքի արդյունքում նշված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմանը, քանի որ հակառակ պարագայում, եթե փորձագետը իր եզրակացությամբ հաստատի, որ անձը ՃԵ կանոնների խախտում թույլ չի տվել, կստացվի, որ անձին անհիմն կալանավորել են եւ ապօրինի քրեական հետապնդում են իրականացրել նրա նկատմամբ, որոնք, որքանով ինձ հայտնի է, հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ։ Բացի այդ, այդ դեպքում անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ եւ օգտվում ռեաբիլիտացիայի իրավունքից։
Իմ պարագայում տեղի է ունեցել նույնը։ Իմ կողմից իբրեւ թե ՃԵ կանոնները խախտելու եւ դեպքի վայրը թողնելու ենթադրյալ հանցագործությունների փաստով դեպքի հաջորդ օրը՝ 05.08.2017թ.-ին, կամովին ներկայացել եմ քննչական մարմին եւ իմ համար անհասկանալի կերպով ձերբակալվել, քանի որ իմ կողմից կամովին ներկայանալու պայմաններում արդեն իսկ բացակայել է ձերբակալման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված նպատակը։ Ձերբակալումից հետո ինձ մեղադրանք է առաջադրվել եւ ինձ կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է։ Հինգ ամսից ավելի ժամանակով գտնվել եմ կալանքի տակ, քրեական գործով մինչդատական վարույթում, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ 9 ամիս 17 օր կալանքի տակ եմ։ Նշենք, որ ավտոտեխնիկական փորձաքննությունը նշանակվել է 23.08.2017 թ.-ին՝ դեպքից 19 օր անց, իսկ եզրակացությունը ստացվել է 03.11.2017 թ.-ին՝ դեպքից 3 ամիս անց: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինձ կալանքի տակ պահելը չի հետապնդում օրինական նպատակ, պարզապես ես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը եւ փորձում եմ նման պայմաններում ապացուցել իմ անմեղությունը, իսկ պետությունը ինձ դրա համար փաստացի պատժում է՝ անժամկետ պահելով կալանքի տակ։ Միայն այն պատճառով, որ ես հայտարարել եմ իմ անմեղության մասին եւ ցուցմունք եմ տվել, որ դեպքի պահին մեքենան ես չեմ վարել, ինձ անհիմն կերպով մեղսագրել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում։
Քրեական գործում առկա են իմ անմեղության վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ եւ փաստարկներ, որոնք անտեսվել են քննչական մարմնի եւ դատախազության կողմից, աչքաչափով քննված քրեական գործը ուղարկվել է դատարան, քանի որ ի սկզբանե քննիչը եւ դատախազը առաջնորդվել են իմ մեղավորության կանխավարկածով եւ արել են ամեն ինչ, որպեսզի հետագայում իմ՝ ապօրինի կալանքի տակ գտնվելու հանգամանքը չգործի ի վնաս իրենց։ Այժմ ես չեմ շարադրում հիշյալ ապացույցները եւ փաստական տվյալները, դրանց մասին կարող եմ հայտնել միայն դատաքննության ընթացքում այդ ապացույցների հետազոտումից հետո, պարզապես այժմ ցանկանում եմ ներկայացնել իմ անձի մասին եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կարծում եմ՝ անհրաժեշտ հիմքեր են ինձ կալանքից ազատ արձակելու համար։
Ինձ մեղսագրված արարքներից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով նախատեսված արարքները, ըստ ծանրության աստիճանի դասվում են միջին ծանրության, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Ունեմ բարձրագույն կրթություն, հանդիսանում եմ տնտեսագիտական գիտությունների թեկնածու, 2011 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի հուլիս ամիսը աշխատել եմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, իսկ դեպքի պահին գտնվել եմ կադրերի ռեզերվում, նախկինում դատված կամ որեւէ կերպ արատավորված չեմ եղել, երիտասարդ եմ, սույն ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ինքս ստացել եմ մարմնական վնասվածքներ՝ գանգուղեղային փակ բութ վնասվածքի, գլխի աջ կեսի ճանկռվածքների եւ վերքերի, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի սալջարդ վերքի եւ այլ քերծվածքների տեսքով, զբաղվում եմ գիտական աշխատանքով, ունեմ մշտական բնակության վայր, իմ ընտանիքը, բնակարանը, աշխատավայրը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ես կալանքի տակ եմ գտնվում 05.08.2017թ.-ից մինչ օրս։ Որեւէ անգամ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու փորձ չեմ կատարել, իսկ երբ հայտնել եմ իմ անմեղության մասին, այն, որ դեպքի պահին մեքենան ես չեմ վարել, այլ՝ Ռաֆայել Սարգսյանը, քննիչը որոշում է կայացրել իմ տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին եւ շուրջ երկու ամիս ես զրկված եմ եղել նաեւ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցություններ վարելու իմ իրավունքից։ Համոզված եմ, որ անհիմն եւ ապօրինի է ինձ կալանքի տակ պահելը։
Մեծարգո պարոն վարչապետ, անձամբ ունկնդրել եմ Ձեր ելույթը՝ դատական համակարգին գործադիր իշխանության մարմինների կողմից չմիջամտելու անհրաժեշտության մասին։ Սույն նամակով ես չեմ ակնկալում, որ Դուք միջամտեք դատական գործընթացին, պարզապես որպես ՀՀ քաղաքացի հայտնում եմ իմ նկատմամբ կատարված ապօրինությունների մասին եւ խնդրում բացառել հետագայում քննչական մարմինների եւ դատախազության նման գործելաոճը։ Կարծում եմ, ներկայիս՝ Նոր Հայաստանում, այլեւս չեն լինի անօրինականության նման դրսեւորումներ եւ պետական մարմինները նման քրեական գործերի քննության ընթացքում չեն առաջնորդվի վարորդի մեղավորության կանխավարկածով, չեն անտեսի անմեղության կանխավարկածը, այլ պատշաճ քննություն կատարելուց հետո միայն քրեաիրավական գնահատական կտան վարորդի արարքին եւ նրա նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կկիրառեն՝ բացառապես օրենքով սահմանված կարգով եւ նպատակով։
ՍՈՒՐԵՆ ՋԵՅՐԱՆՅԱՆ
«Առավոտ»
25.05.2018