Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանից թարմ օդն էր պակասել»

Մայիս 26,2018 13:00

Հարցազրույց լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ,
ջութակահար Նարինե Դելլալյանի հետ

– Ի՞նչ զգացողություն ունեք Հայաստանում կատարված փոփոխություններից հետո։

– Զգացողություններս շատ դրական են ու հավատով լի։ Փոփոխություններն էլ դեռ ամենօրյա ընթացքի մեջ են եւ կարծում եմ՝ այս շրջանում կարեւոր է չխանգարելով օգնել, որպեսզի նորաստեղծ կառավարությունը կարողանա ի մի բերել իր կարեւորագույն անելիքները։ Անպատմելի է բերկրանքս՝ պատմական այս բացառիկ օրերին ներկա գտնվել Հայաստանում եւ ամենամոտիկից տեսնել մարդկանց մաքուր, անխառն երջանկությունը, որի նպատակը հասարակական կյանքի վերսկսումն է, մեր բաց ձեռքերով ազատության ձգտումը, ստեղծագործական մտքով, բարիացակամության եւ սիրո շնչի ներքո։ Հրաշալի էր տեսնել, որ ծնվեց քաղաքացիական մեծ զգացումով հասուն հասարակություն։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք նորանշանակ մշակույթի նախարարից, ինչի՞ն պետք է հատկապես ուշադրություն դարձվի մշակույթի ոլորտում։

– Բնականաբար, ցանկացած փոփոխության մեջ հավատը կա։ Հուսով եմ, որ բազմազան փոփոխությունների առանցքը նախ եւ առաջ համակարգային պետք է լինի, որի չկայանալու դեպքում, որեւէ անձ ի վիճակի չի լինի կատարել էական փոփոխություններ։ Արդյունքում կմնանք նույն, դեռ վաղ անցյալից ժառանգած աշխատաձեւի մեջ, որն այսօր այլեւս իրեն չի արդարացնում։ Մշակույթը արժանի է ապակենտրոնացման եւ ամենակարեւորը, որ որեւէ պաշտոնյա չթելադրի իր սեփական ճաշակը։ Նախարարությունը պետք է միտված լինի ծառայելու եւ ոչ թելադրելու։

– Հետաքրքիր է, հայաստանյան համաժողովրդական շարժմանն ինչպե՞ս անդրադարձան պորտուգալական ԶԼՄ֊ները։

– Չեմ հիշում որեւէ այլ ժամանակներ, իրադարձություն, երբ բացելով այս կամ այն թերթի առաջին էջը, այդքան հաճախականությամբ հայտնվեին լուրերը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք առանց կողմնակալության խոսում էին փաստերի մասին։ Սա, կարծում եմ, արտաքին աշխարհի մեջ այսօրվա Հայաստանի մեծ ձեռքբերումն է։

– Նախագիծ, որ կուզենայիք իրականացնել նոր Հայաստանում։

– Հայաստանն այն հողն է, որտեղ որքան փորում ենք ընդերքը ու որքան խորն ենք գնում, այնքան գտնված գանձերն առավել արժեքավոր են դառնում։ Ուստի անելիքներ՝ որքան ուզես…Ինքս փորձում եմ տարվա մեջ գոնե երկու մեծ նախագիծ իրականացնել, դա լինի համերգային, տպագրական կամ այլ ձեւաչափով։ Սակայն մի դիտարկում, որով կուզեի կիսվել այստեղ։ Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է լավ գիտակցել, որ տասնամյակներով հնարավոր չէ դոփել նույն տեղում։ Վերանայման կարիք ունենք, թե ին՞չ ենք ներկայացնում այսօրվա ունկնդրին։ Հնարավոր չէ տարիներ շարունակ նույն ներկայացումները ենթարկել որոշ փոփոխությունների, անունը դնել պրեմիերա եւ ներկայացնել հանդիսատեսին։ Եկեք բացենք մեր աչքերը եւ 21֊րդ դարին զուգահեռ քայլենք։ Այլապես առաջադեմ, ժամանակի զարկերակով ընթացող արվեստասեր չենք կարող ունենալ, երբեք։ Սա վերաբերում է մեր գլխավոր թատրոններին եւ հատկապես գեղարվեստական ղեկավարներին, որոնք եւ պատասխանատու են իրենց թատրոններում տեղի ունեցող ստեղծագործական վերելքների եւ վայրէջքների համար։ Մենք բացառիկ տաղանդավոր ռեսուրսներ ունենք, որոնք անգործության մատնվելով՝ կորցնում են իրենց փայլը, կորչում են։ Ափսոս է… Անհրաժեշտություն կա նաեւ կրթելու բեմի նկատմամբ վերաբերմունք, որը ցավալիորեն դեռ շատ է «կաղում» մեզ մոտ։ Արդյունքում արվածը, մեղմ ասած, անչափ փնթի տեսքով է լինում, որտեղ չեն հարգվում բեմական ամենատարրական օրենքները։ Անընդունելի է, երբ բեմ ես մտնում եւ տեսնում անհասկանալի պատճառով այնտեղ մոռացված մի աթոռ, անիմաստ լույսեր, ինչ-որ մեկի հայտնվելը բեմում, որը այդ պահին որոշել է ստուգել միկրոֆոնների աշխատանքը… Լուսանկարիչն իրեն զգում է արտիստի հետ համազոր իրավունքների մեջ… Կասեն՝ մանրուքներ են, որոնք, սակայն, պրոֆեսիոնալ արտիստի վրա բացասաբար են անդրադառնում եւ բացարձակ կենտրոնացման փոխարեն, նրա ուշադրությունը շեղվում է խանգարող հանգամանքների վրա, որի արդյունքում տեղի չի ունենա ամենակարեւորը՝ ոգեղենության ծնունդը։ Այս վիճակների համար պատասխանատու են բոլորը, սկսած ծրագրի հեղինակից մինչեւ աթոռ դնող բանվորը։ Եթե այս շղթայում որեւէ օղակ չգործի, ապա ամենահրաշալի ծրագիրն էլ կդատապարտվի անորակության որակավորման։

– Խոսակցություններ կան, որ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները հնարավոր է լուծարվեն եւ վերածվեն վարչությունների։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման լուրերին՝ որպես Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ արվեստագետ։

– Այո, կարդացել եմ այդ մասին եւ անմիջապես հայտնել դիրքորոշումս։ Կարծում եմ՝ ընդհանրապես եւ առավելապես այս պահին անընդունելի է որեւէ կառուցվածքային փոփոխությունը։ Մենք մշակույթի ազգ ենք եւ այն մեր ամենահարուստ ունեցվածքն է, մեր հոգեւոր բովանդակությունը։ Մեզ համար մշակույթն ու կրթությունը միշտ եղել են առաջնային։ Վերջին տարիներին տարբեր հարթակներից հասարակությանը ներկայացվել է արվեստի հետ եզրեր չունեցող աղբ, որը եւ անհետեւանք չի մնացել ճաշակի ձեւավորման հարցում։ Բարեկիրթ աշխարհում այն երկիրն է համարվում բարձրակարգ, որտեղ արվեստն է զարգացած, իսկ մենք ունե՛նք այն առատորեն։ Ունենք նաեւ հազարամյակներից մեզ հասած հարստագույն մշակույթ։ Տեր պե՞տք է կանգնենք այդ ամենին։ Հասկանալի է, որ թվով ու մեծությամբ չի որոշվում որեւէ ինստիտուտի արդյունավետությունը։ Բայց փոքրացնելով մի ամբողջ օրգանիզմ, որը միտված է ծառայելու բազմադարյան ու բազմաշերտ մշակույթին, ինչպե՞ս է կարողանալու լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Կիսատ-պռատությունից բոլորս հոգնել ենք եւ ոչ էլ այլեւս դրա իրավունքը ունենք։ Ուստի, լավ կլիներ մարմնի չգործող մասերը առողջացնել, նոր ու թարմ շունչ հաղորդելով վերակառուցել, բայց երբեք չփոքրացնել ամենակարեւորի դերը։

Ըստ իս, նույնն էլ սփյուռքի նախարարությանն է վերաբերում։ Ամեն ազգ իր պատմությամբ եւ բնույթով է առանձնահատուկ։ Մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայություն, ունենք դասական սփյուռք։ Հայաստանցին եւ սփյուռքահայը տարբեր են իրարից եւ այդ տարբերություններով մենք առավել հարուստ ենք։ Ժամանակն է դատարկ լոզունգների փոխարեն անցնել իսկական գործի։ Սփյուռքահայը կարիքը ունի Հայաստանի, մենք էլ՝ նրա։ Հնարավոր չէ անտեսել այս փաստը եւ անհրաժեշտ է հնարավորինս շուտ եւ ոչ ձեւականորեն մտնել երկխոսության մեջ։ Հայաստանը համայն հայության իրական կենտրոնն է։ Հայաստանում է, որ պետք է հոգ տարվի սփյուռքահայի եւ նրա ստեղծած անգնահատելի մշակույթի մասին։ Հոգ տարվի եւ վերջապես լիարժեքորեն անդրադարձվի նրան կրթական համակարգում, մեր կյանքում։ Առանց հողի պահել ազգությունը, դժվար է անչափ։ Սփյուռքահայը իր գոյության արդարացումն է փնտրում։ Որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում Նա պետք է գտնի իր տունը։ Մինչեղեռնյան եւ հետեղեռնյան արեւմտահայ եւ կիլիկիահայ բնաշխարհները ստեղծագործ մարդը ծաղկեցրել է հայ մշակույթով, ճարտարապետական կոթողներով։ Սփյուռքի նախարարությունը կապող կամուրջը պետք է լինի Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերությունների, նրանց մեջ տարվող բազմազան աշխատանքների միջեւ։ Իսկ լեզվի հարցը… Արեւմտահայերենն այսօր կանգնած է անհետացող լեզուների վտանգի տակ։ Որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում է հնարավոր շուտափույթ միջոցներ ձեռք առնել բացառիկ հարուստ եւ գեղեցիկ լեզվի այդ ճյուղը պահպանելու համար։ Ի վերջո ժամանակն է, որ հայապահպանման, լեզվի, գրականության վերաբերյալ գիտաժողովները, կոնֆերանսները որակական փոփոխության ենթարկվեն եւ դառնան ծայրաստիճան արդյունավետ։ Մինչ օրս արեւմտահայ գրականության ամբողջական անթալոգիա անգամ չունենք… մեր օրերում սա արդեն աններելի է։ Լրջորեն մոտենալու դեպքում գործերն անսահման են, անհամար, որոնց իրականացման համար մի ահռելի մեծ նախարարություն է անհրաժեշտ լինելու…

– Ձեր կարծիքով այսօր ամենաշատն ինչի՞ կարիք ունեն Հայաստանն ու հայաստանցին։

– Հայաստանը եւ իր քաղաքացին կարիք ունեն մաքուր, թարմ օդի։ Այո, թարմ օդն էր պակասել Հայաստանից։ Կուզեի, որ հեղափոխության ծնած բերկրանքի մեջ մենք այլեւս չվախենանք մեր մեծ երազանքներից եւ որ մեր հողից դուրս գար դեպի Մարդն ու Մարդկությունը գնացող ճանապարհը։

Զրույցը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

25.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Կը շնորհաւորեմ իմաստուն-պայծառատես միտքի մը ողջամիտ պատասխանները և վստահ եմ որ ինք առանձին չէ նման կարծիք ունեցող -ինչպէս կ՛ըսէ —որքան փորես այնքան հարստութիւն կը գտնես –;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031