Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չորրորդ անգամ անցկացվեցին գերմանա-հայկական վարպետության դասընթացներ

Մայիս 26,2018 12:30

Հայաստանի պետական կամերային նվագախումբն էլ մասնակցեց՝
առանց գեղարվեստական ղեկավարի

Վերջին շրջանում հայաստանյան իրականությունում մշակույթի տարբեր ոլորտներում պարբերաբար անցկացվում են վարպետության դասընթացներ, այս դեպքում նպատակն է աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին: Այս գործընթացն իրականացնում են ինչպես մեր, այնպես էլ այլազգի, սփյուռքահայ, հիմնականում Արեւմուտքում ապրող ու ստեղծագործող նախկին հայաստանցի արվեստագետները:

2013 թվականից չորրորդ անգամ Երեւանում գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ իրականանում են վարպետության դասընթացներ, բնականաբար՝ գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ:

«Առավոտի» դիտարկմամբ՝ հիշյալ միության կողմից անցկացվող այս միջոցառումը միակն է, որը մեկնարկում է բացման եւ ավարտվում եզրափակիչ համերգներով:

Անի Աղաբեկյանը:

Մեզ հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ միության հիմնադիր, ջութակահարուհի Անի Աղաբեկյանին խնդրեցինք ներկայացնել միության 7-8 տարվա աշխատանքները: «2011թ. հիմնված միությունը մեկ տարի անց սկսեց իր բուռն գործունեությունը: Վարպետության դասընթացները համերգային գործունեության հետ զուգահեռ, անցկացվում են Գերմանիայի քաղաքներում, այդ թվում՝ Կառլսռուհեում: 2006-ից ստանձնելով Ֆլեհինգենի Ռաաբ երաժշտական դպրոցի ջութակի դասարանի ղեկավարությունը, մեր հայրենակիցը մեկ տարի առաջ արդեն հանդիսանում էր նույն դպրոցի տնօրենը: Այս գործունեությանն էլ զուգահեռ՝ Անի Աղաբեկյանը 2007-ից վարում է բուռն ստեղծագործական կյանք՝ համագործակցելով այնպիսի երաժիշտների հետ, որոնց հատուկ ներկայացնելու հարկ չկա: Նրանց թվում են Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանները, Վոլֆգանգ Մայերը, Լեւոն Մուրադյանը, Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը եւ ուրիշներ: Երեւանում անցկացվող չորրորդ վարպետության դասընթացն է եւ կանխելով ձեր հարցը, թե հայաստանցի կոլեգաներիցս ովքեր են մասնակցել Գերմանիայում կայացած միջոցառումներին, նշեմ դաշնակահար Հայկ Մելիքյանի, ալտահար Վաչե Հովեյանի, թավջութակահար Արամ Թալալյանի անունները»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ Գերմանիայում միության աշխատանքները իրականանում են անձամբ Կառլսռուհեի քաղաքապետ Վալֆրամ Եգերի հովանու ներքո, աջակցությամբ տեղի պետական եւ ոչ պետական կազմակերպությունների:

Մարիա-Էլիզաբեթ Լոթը:

Զրույցի ընթացքում մեր հայրենակիցը հիշեց իր ուսումնառության տարիները Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի դասարանում, ժպիտով հայտնեց, որ Էդվարդ Միրզոյանն իրեն տեսնելիս դիմում էր «փոքրիկ Պագանինի», այնուհետեւ հիշատակեց Գերմանիայում ուսումը՝ պրոֆեսոր Յոզեֆ Ռիսինի ղեկավարությամբ եւ այլն: Ասաց նաեւ, որ յուրաքանչյուր մրցանակ, իսկ նման միջոցառումների բազմիցս է մասնակցել, խիստ կարեւոր է իր համար: Կարեւոր են նաեւ վարպետության դասընթացներն անվանի այնպիսի երաժիշտների ղեկավարությամբ, ինչպիսին են Ռայնհարդ Հաուֆեն, Քրիստիան Ալտենբուրգը, Ֆելիքս Գոտլիբեն, Ալեքսանդր Վինեցկուն եւ այլն:

Անի Աղաբեկյանը ներկայացրեց մեր զրույցին մասնակից գերմանացի գործընկերուհուն՝ Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարիա-Էլիզաբեթ Լոթին: «Գերմանա-հայկական նման միջոցառումների ժամանակ ես ավելի խորը ծանոթացա հայկական մշակույթին, մասնավորապես՝ երաժշտարվեստին: Շուրջ 20 տարի մտերիմ կոլեգաներիցս է Սերգեյ Խաչատրյանը, գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Գազարյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը, թավջութակահար Լեւոն Մուրադյանը եւ էլի շատ ուրիշներ: Տարիների ընթացքում, հաճոյախոսություն չընկալվի, բայց հասկացա, որ հայերդ իսկապես տաղանդավոր ազգ եք: Հիշում եմ 2013թ. դիրիժոր Գազարյանի ղեկավարությամբ Վյութենբերգի կամերային նվագախմբի հետ Էդուարդ Հայրապետյանի կրկնակի կոնցերտի կատարումը, որտեղ ինձ ընկերակցեց ալտահար Վաչե Հովեյանը: Անիի հետ հանդես եմ եկել Բախի կրկնակի կոնցերտի մեկնաբանմամբ եւ հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել մեկնաբանելու նաեւ տաղանդավոր կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի կոնցերտի պրեմիերան»,- հայտնեց օրիորդ Լոթին:

Անդրադառնալով իր մասնակցությամբ երեւանյան վարպետության դասընթացներին, նշեց, որ հիացած է հայաստանցի երիտասարդ ջութակահարների արվեստով: Տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա վարպետության դասընթացների մասնակիցների եզրափակիչ համերգը, որտեղ ընդգրկված են 12 երաժիշտ Երեւանի կոնսերվատորիայից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից եւ 3 ջութակահար արտասահմանից՝ երկուսը Ավստրիայից, մեկը՝ Գերմանիայից:
Հետաքրքրությանը, թե մայիսի 20-ին Կամերային երաժշտության տանը վարպետության դասընթացների բացման համերգին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ, գերմանացի ջութակահարուհին հանդես եկավ Վաչե Հովեյանի հետ՝ Վարդ Մանուկյանի Ջութակի եւ ալտի կոնցերտի կատարմամբ, նա պատասխանեց. «Ինչ խոսք, հիանալի ելույթ էր, բայց, չգիտես ինչու, համերգը կայացավ առանց կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի»: Այս առիթով Մարիա-Էլիզաբեթ Լոթը ընդամենն ասաց. «Դիրիժորի պարտականությունները կամ դերը հիանալի կատարեց նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարիա-Էլիզաբեթ Լոթն ու Վաչե Հովեյանը կամերայինի հետ ելույթի պահին:

«Առավոտ»

25.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031