Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու Հայաստանի կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում իրականացված աշխատանքները:
Շնորհակալություն հայտնելով Մհեր Գրիգորյանին ընդունելության և բարի խոսքերի համար՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է նրան փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շոմբի Շարփը ներկայացրել է կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու դեռևս մշակման փուլում գտնվող նախագծերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կողմից իրականացված հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շուրջ, ինչպես նաև քննարկել են այդ հաջողված փորձի հիման վրա Մեղրիի անցակետի արդիականացման նպատակով նմանատիպ ծրագիր իրականացնելու գաղափարը, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Քննարկվել է նաև ՄԱԿ-ի կողմից մշակված մոդուլային դպրոցների կիրառման հնարավորությունը՝ որպես սեյսմակայուն, էներգախնայող և բազմաֆունկցիոնալ դպրոցական արդիական տիպային շինություններ։
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ