Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության պատվիրակությանը:
Արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ հայ իրավաբանական միության որոշումը՝ 29-րդ ամենամյա համաժողովն Արցախում անցկացնելու մասին` նշելով երկրում տեղի ունեցող գործընթացներին անմիջականորեն ծանոթանալու և հանրապետության համապատասխան կառույցների հետ ուղղակի շփումներ հաստատելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների իրավական ասպեկտների վերաբերյալ:
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել 2016 թ. հունվարին ԱՄՆ հայ իրավաբանական միության կողմից ընդունված բանաձևը, որով իր պաշտոնական քաղաքականությունն է հայտարարում` աջակցելու Արցախի միջազգային ճանաչմանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Այս համատեքստում կողմերը քննարկել են Արցախի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ հայ իրավաբանական միության համագործակցության ուղիներն ու մեթոդները և փորձագիտական խորհրդատվությունների անցկացումը՝ հանրապետության արտաքին քաղաքական խնդիրների լուծման գործում իրավական մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով:
Մասիս Մայիլյանը նաև պարգևատրել է ԱՄՆ հայ իրավաբանների միությանը` ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հուշամեդալով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ