Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարել ԿԳ նախարարին ելույթ ունենալ Փարիզում

Մայիս 25,2018 20:55

ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց:

Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:

Ընդ որում, ծրագրից տեղեկանում ենք, որ գրեթե բոլոր երկրների նախարարները ելույթներ են ունեցել, բացի ՀՀ ԿԳ նախարարից, եւ Հայաստանը ոչ մի տեղ չի երեւացել:

Եվ սա այն դեպքում, երբ անգամ չլինելով ԵՄ անդամ երկիր՝ 2015-ին Հայաստանը կարողացել էր պատվով ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը եւ Երեւանում կազմակերպվել էր Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը:

Փարիզի կոնֆերանսից եւս մեկ ոչ բարենպաստ դրվագ. 2015 թվականի եզրափակիչ փաստաթղթի մեջ այն ժամանակվա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ դրույթ էր ներառվել՝ հակամարտության գոտիների ուսանողների և դասախոսներին Եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ այժմ ընդունված փարիզյան կոմյունիկեում այդ դրույթը ոչ միայն չի զարգացվել, այլեւ ընդհանրապես նման ձեւակերպում այնտեղ ներառված չէ:

Ինչ վերաբերում է 2015-ին Երեւանում գրանցած հաջողություններին, Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը փաստել էր, որ Հայաստանում հսկայական և գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, նաեւ նշել, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին:

Թեմայի վերաբերյալ կփորձենք ԿԳ նախարարից մեկնաբանություն ստանալ աշխատանքային շաբաթվա ընթացքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երեւի այս պարագային, դուխո՛վ չէր, Պարոն Յարությունյանը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031