«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, սփյուռքահայ Արա Ասլանը հայտարարեց, որ հիմնադրամի նվիրատվությունների թվի որոշակի նվազում է նկատվում, եւ պատճառը միայն սփյուռքահայ բարերարների անվստահությունը չէ այդ գումարների տնօրինման հանդեպ:
Արա Ասլանի խոսքով՝ անհրաժեշտ են տարեկան կայուն նվիրատվություններ: Արա Ասլանը դիմեց նիստին ներկա Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ առաջարկելով, որպեսզի եկեղեցին տարեկան 300 hազար դոլարի նվիրատվություն անի: Նրա առաջարկը վերաբերում էր նաեւ «Հայկական բարեգործական ընդհանուր միությանը»:
Վեհափառ հայրապետն առաջարկի հետ կապված նախ ընդգծեց, որ եկեղեցին մշտապես կատարել է նվիրատվություններ: Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին շահույթ հետապնդող կառույց չէ, եւ վերջինիս ծախսերը կատարվում են բարերարների նվիրատվությունների շնորհիվ: «Ճիշտ չէ հիմնադրամի համար նման նվիրատվություն կատարելու նպատակով առանձին հանգանակություն կազմակերպել: Եկեղեցին մշտապես աջակցել է հիմնադրամին՝ թե նվիրատվությունների կոչերով, եւ թե նվիրատվություններով»,-փաստեց նա:
Ապա` առաջարկի շուրջ կարծիք հայտնեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ասելով, որ հարցը քննարկման ենթակա է: Համաժողովի ավարտին նախագահը հայտարարեց, որ իր աշխատավարձից տասը միլիոն դրամ հատկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ որպես նվիրատվություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ