Դերասան, ռեժիսոր եւ երգիչ Միքայել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ով ինչով կարող է, պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նաեւ այնպես անի, որ դիլետանտները զատվեն պրոֆեսիոնալներից:
«Իմ հնարած բառով ասած՝ այսօր «կուտուտչիները» գրավել են հեռուստատեսությունը, թատրոնը, կինոն, եւ ինձ թվում է՝ պետք է սկզբունքայնորեն այդ հարցերը լուծվեն: Մինչեւ այս, չկային իսկականի, կարեւորի, արժանիի չափանիշներ…Արդեն ամեն մեկը պետք է զբաղվի իր խնդրով, ոչ թե իր խնդիրները բարդի վարչապետի ու մշակույթի նախարարի վրա»,-ասաց դերասանը:
Նրա ձեւակերպմամբ, ամեն մեկս գտնվում ենք լավ իմաստով էքստրեմալ վիճակում. «Մեզանից է կախված կկարողանա՞նք ադապտացվել նոր պայմաններին, նոր ոգուն, վերելքներին, որոնց մեջ ենք: Ամեն մեկս պետք է կարողանանք վերածնվենք եւ վերանայվենք, հասկանանք, որ այլեւս նախկինի պես հնարավոր չէր ապրել: Այդ հրաշքը տեղի ունեցավ, մնում է ամեն մեկս այդ հրաշքի մեջ կայանանք… Ես ինքս այս բոլոր պատմություններից հետո դարձել եմ շատ իսկական, ես սկսել եմ ինձ հարգել, որ ներկա եմ եղել այս իրականությանը, ժամանակակիցն եմ այս ամենի: Իմ կարծիքով, ինձ նման ամեն մի հայի սրտի խորքում այս հրճվանքը եւ ոգեւորությունը կա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ