ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներին:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են մեր երկրի` ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին: «Մեզ համար կարեւորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է»,-ասել է ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացրել է Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ հաստատակամ է համագործակցությունն առավել ընդլայնելու ու զարգացնելու հարցում:
Յուլիա Լյովոչկինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում ստացավ փոխըմբռնման եւ խաղաղ ճանապարհով:
Հյուրի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքը` հավելելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ մասնավորապես կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է եւ կլինի ուշադրության կենտրոնում:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ԱԺ նախագահն ասել է. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն քննարկումների սեղանի շուրջ` քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Մեզ համար առանցքայինն ազգային շահն է, որը վեր է ամեն ինչից»:
Արա Բաբլոյանը նշել է, որ կառավարության այն ծրագրերը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը, կստանան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
ՀՀ Ազգային ժողով