Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք նույնիսկ Սամվել Բաբայանի հագուստներն էինք բերել». ինչո՞ւ Սամվել Բաբայանն այսօր ազատ չի արձակվի

Մայիս 25,2018 18:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղեկություն էին տարածվել, որ այսօր ԱԱԾ մեկուսարանից ազատ կարձակվի ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

ԱԱԾ մեկուսարանի առաջ վերջին մեկ-մեկուկես ժամվա ընթացքում նրան էին սպասում իր աջակիցները:

Սակայն քիչ առաջ աջակիցներից Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ այսօր վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել չանդրադառնալ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Հովիկ Աղազարյանի երաշխավորագրերի հիման վրա միջնորդությանը:

Տեղեկացնենք՝ պատգամավորները տվել էին իրենց ստորագրությունները՝ որպես երաշխավորագիր, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացվի միջնորդություն՝ Սամվել Բաբայանի կալանքը փոխելու վերաբերյալ:

Անդրանիկ Թևանյանի տեղեկացմամբ՝ այսօր Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Սամվել Բաբայանի գործով ստացված երեք բողոքները վարույթ ընդունել, բայց չի անդրադարձել վարույթին կից ներկայացված երկու պատգամավորների միջնորդությանը: Մինչդեռ ըստ Թևանյանի՝ իրենք կարծում էին, որ եթե գործը վարույթ է ընդունում, տրամաբանական է, որ ընդունի նաև միջնորդությունը: Այդ պատճառով էլ հայտարարություն էին տարածել, թե Սամվել Բաբայանն ազատ կարձակվի:

Անդրանիկ Թևանյանը, մասնավորապես, հայտարարեց. «Հաշվի առնելով որոշակի անալոգիաներ, նախադեպային հնարավորություններ՝ մենք ենթադրում էինք, որ գործի՝ վարույթ ընդունելուց հետո անմիջապես բավարարվելու է խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ինքը գործի քննությունից առաջ չի ապահովելու խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը և հայտարարել, որ գործի քննության ընթացքում զուգահեռաբար դա կարվի, ինչն անտրամաբանական է: Սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը կատարեց կոպիտ միջամտություն և դեռ ընթացք չեն տալիս միջնորդությանը, և մեր բոլոր տեղեկությունները, թե Սամվել Բաբայանն ազատ է արձակվելու այսօր չեն հաստատվում»:

Դիտարկմանը՝ միգուցե իրե՞նք էին սխալ մեկնաբանել և իրավական գործընթացներից առաջ ընկել, պարոն Թևանյանն այսպես արձագանքեց. «Ոչ թե սխալ է մեկնաբանվել, այլ գոյություն ունի տրամաբանություն: Եթե գործն ընդունում են վարույթ, դրանից առաջ կամ նույն նիստի ընթացքում պետք է քննարկեն խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, բայց դեռ նիստի օր էլ նշանակված չէ»:

Գնահատելով ՀՀ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ պարոն Թևանյանն ամփոփեց. «Առաջին հերթին անտրամաբանական քայլ էր, քաղաքական առումով որևէ ձևով չի տեղավորվում այսօրվա մթնոլորտի մեջ: Երեկ էլ էինք հայտարարել, որ քաղբանտարկյալների հարցը պիտի քննարկվի և լուծում տրվի: Գնահատում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մնաց հին Հայաստանում, և նրանք չեն կարողանում տրամաբանական քայլեր կատարել, որոնք բխում են այսօրվա Հայաստանի իրողություններից»: Անդրանիկ Թևանյանն ասաց՝ պաշտոնապես հայտարարում է, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է, և այլ մեկնաբանություն լինել չի կարող:

Նա նշեց, որ երեքշաբթի օրն իրավական գործընթացները կճշտեն ու մամուլին լրացուցիչ կտեղեկացնեն: Լրագրողների դիտարկմանը՝ հնարավո՞ր է կրկին իրենց տեղեկությունները չհաստատվեն, պարոն Թևանյանն արձագանքեց. «Մենք ներսից տեղեկություն ունեինք, որ Սամվել Բաբայանն ազատ է արձակվելու: Նույնիսկ իր հագուստներն էինք բերել, որ դուրս գա, հանգնի»:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ցույցեր էին անցկացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել Արցախի հերոսին:

Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 2017-ի նոյեմբերի 28-ին հրապարակվեց «Իգլա»-ի աղմկոտ գործով դատավճիռը: Բաբայանը մեղավոր ճանաչվեց «Իգլա» ձեռք բերելուն դրդելու և փողերի լվացման մեջ և դատապարտվեց ընդհանուր առմամբ 6 տարվա ազատազրկման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031