ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները բարձրացրին թատրոնների, գորգի թանգարան ունենալու եւ այլ հարցեր: Վարչապետն ասաց, որ եթե ունենք հանրություն, որը առաջվա նման թատրոն չի հաճախում, ուրեմն եղած թատրոններն էլ շատ են. «Մեր նպատակն է ունենալ այնպիսի հանրություն, որը թատրոն է հաճախում»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ հուշարձանների պահպանությանը: Վարչապետն ասաց, որ պատգամավոր եղած տարիներին շփվել է հուշարձանների պահպանության գործակալության հետ եւ համոզվել, որ այն բարեխիղճ է կատարել իր աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նրա խոսքով, իսկ եթե Երեւանի այս կամ այն օբյեկտը ոչնչացվել է, դա չի նշանակում, որ գործակալությունը իր գործը պատշաճ չի կատարել. «Պարզապես այն մարմինները, որոնց ինքը հանձնել է իր եզրակացությունը, որ հուշարձանները պետք է պահպանվեն, այդ մարմինները անգործություն են ցուցաբերել: Եթե գործակալությունն ուզում է հուշարձան պահպանել, իսկ կառավարությունը չի ուզում, պարզ է, որ գործակալությունը չի կարող իր վերադասի կամքը հաղթահարել եւ պահպանել հուշարձանը»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դժգոհեց, որ Հայաստանում չկա մշակույթի նախարարություն, եղածն ընդամենը արվեստների նախարարություն է ու մի քանի մշակութային հաստատություններ: Ասաց նաեւ, որ վախենում է ծրագրեր ներկայացնել, որովհետեւ նախարարությունում մշտապես անտեղյակ ու տգետ մարդիկ են աշխատել, իր ծրագրերը գողացվել են, վաճառվել ու գռեհկացվել: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ նոր Հայաստանում պատրաստվում են ունենալ Հրանուշ Խառատյանի ընկալումներով իսկապես մշակույթի նախարարություն:
Կոմպոզիտոր Գեղունի Չտչյանն էլ հանդես եկավ առաջարկով, որ մանկապարտեզից սկսած երեխաներին ծանոթացնեն դասական երաժշտության հետ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ընկալմամբ դասականի համատեքստում են Սայաթ-Նովան եւ Ջիվանին նույնպես:
Ինչ վերաբերվում է մշակույթ հասկացությանը, նրա խոսքով, ամեն ինչ կախված է մշակույթից, օրինակ` այն, երբ որեւէ պաշտոնյայի թանկարժեք բան են նվիրում, վերցնել-չվերցնելը նույնպես մշակույթի հարց է:
Աշխունջ Պողոսյանին հետաքրքրում էր գորգերի թանգարան ունենալու հարցը: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Անընդհատ հնչում է, որ այս կամ այն թանգարան չունենք, մինչդեռ եղածները ապրեցնելու խնդիրը պետք է լուծենք: Մեզ պետք չեն թանգարաններ, որոնց վրա կողպեքներ են, իսկ ցուցանմուշներին սարդոստայններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ