Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Համազգայինի Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախմբի պատվիրակությանը, որի կազմում էին պատասխանատու Մարտիկ Դեմիրճյանը, բեմադրիչներ Սուրեն Խտշյանը և Հակոբ Տեր-Ղուկասյանը, թատերախմբի ներկայացուցիչներ` Ժան Բեքերեճյանը եւ Փաթիլ Քալաջյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար: «Ծանոթ եմ թատերախմբի պատմությանը, ազգանվեր գործունեությանը, որն ուղղված է հայապահպանությանը: Նոր կառավարությունը ևս կարևորում է այն անգնահատելի ներդրումը, որ ունեցել եք նաև մշակութային ավանդույթների պահպանման գործում: Նախընտրում եմ խոսել ներկայի և ապագայի մասին: Անշուշտ շարունակելու և ընդլայնելու ենք համագործակցությունը: Մեր օրակարգում առաջնային հարց է հայրենադարձությունը: Օրեցօր ավելի ու ավելի կզգաք մեր հոգատարությունը: Շարունակեք նույն ոգով իրականացնել ձեր առաքելությունը»:
Թատերախմբի պատասխանատու Մարտիկ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և նշեց, որ «Գասպար Իփէկեան» թատերախմբի առաքելությունը հայ լեզուն անաղարտ պահելն է, հայկական ավանդույթները ամրապնդելը և հայ մշակույթը տարածելը: Թատերախումբը եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում և ելույթներ է ունեցել մեծ բեմահարթակներում և երբևիցե չի եղել Մայր Հայրենիքում: ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ թատերախումբը անդրանիկ հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում: Մայիսի 23-ին և 24-ին երկու ներկայացում է ունեցել Գյումրու Վարդան Աճեմյան թատրոնում և մայիսի 25-ին և 26-ին երկու ներկայացում է բեմադրվելու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Սիրով կսպասենք Ձեր այցելությանը:
Մեծ խանդավառությամբ ընդունեցինք Հայաստանում կատարված փոփոխությունները, լավատեսական մթնոլորտ է ամենուր: Հուսանք, որ մեր երազած Հայրենիքը կունենանք: Դրանից մեծ նվեր չկա մեզ համար»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ