Գործարար, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը
կարող է վերանայել Հայաստանի կրթական ոլորտում ներդրումներ իրականացնելու իր ծրագրերը։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի «Այբ» դպրոցում կիրառվող Արարատյան բակալավրիատը ֆինանսական աուդիտի է ենթարկվելու: Բացի այդ նախարարը կարծիք էր հայտնել, որ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից մեկն է:
«Ինձ, համար «Այբ» դպրոցը և «Այբ» կրթական հիմնադրամը կյանքի գործ են դառնում… Ես և կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և անցած տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: Փոփոխությունների քամին, իշխանության փոփոխությունը, ժողովրդավարական արժեքները շատ հոգեհարազատ են ինձ և Ալյոնային: Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներ փոխանակում ընկերների հետ: Շփվել եմ իմ ընկեր Սերժ Թանկյանի հետ այն օրերին, երբ նա ժամանեց Հայաստան՝ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար:
Բայց կրթության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում «Այբ» դպրոցի հետ, շատ զարմացրեցին ինձ:
Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը «Այբ» հիմնադրամի նկատմամբ, ես ու Ալյոնան ստիպված կլինենք վերանայել Հայաստանի կրթական նախագծերում ներդրումներ անելու ծրագրերը:
Շատ մեծ հույս ունենք, որ կրթության նախարարը ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,-գրել է Դավիթ Յանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ