Քիչ հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա աշխարhահռչակ ջազ երգչուհի, հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բացառիկ համերգը։ Նրա հայաստանյան համերգների մեկնարկը տրվելու է Գյումրիից։ Նրան Գյումրի է հրավիրել պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը։
Մինչ համերգը երգչուհուն հյուրընկալեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նրան շնորհակալագիր հանձնելով, «Նարեկ» ու «Կլկլան» բաժակ նվիրելով։
Գյումրու քաղաքապետն ասաց․ «Շատ ուրախ ենք, որ մեր քաղաքում եք, շատ հարգված մարդ եք, նաև ձեր ծնողներին ենք շատ սիրում, Օֆելյա Համբարձումյանը մեզ համար մինչև հիմա երգում է։ Ձեր փառահեղ հաջողությունները, որ հայ ազգին բերում եք ջազի բնագավառում, մեր համար պարծանք են։ Գյումրին էլ երբեք չեք մոռանում, 2014 թվականին էլ այստեղ համերգ տվեցիք, այսօր էլ եք տալու»։
Տաթևիկ Հովհաննիսյանն ասաց․ «Ես իմ երաժիշտներին էի պատմում, թե ինչքան մշակութային քաղաք է եղել և կա Գյումրին։ Ինչքան երաժիշտ ու արվեստագետ, ինչքան, ինչքան մարդ այս քաղաքից է ծնվել և սփռել իր արվեստը աշխարհին։ Այնպես որ ինձ հաճելի է այստեղ լինելը։ Ինձ առաջարկեցին՝ ասացին մեքենայով կուզե՞ք այդ ճանապարհն անցել, թե ոտքո՞վ, ասացի ոտքով, հիմա հեչ դժգոհ չեմ, որովհետև շատ գեղեցիկ ճանապարհով եկանք, հինն ու նորը խառնվեց։
Ինձ, իհարկե, ավելի շատ հինն էր հետաքրքրում։ Ուղղակի իմ կարծիքը, իմ ցանկությունն ասեմ՝ շատ կցանկանամ, որ Գյումրին իր բնավորությունն ու դեմքը պահպանի այն հնով, հինը վերականգնվի և իր դեմքը պահպանի, ոչ թե նմանվի ասենք որևէ նոր եվրոպական քաղաքի, որովհետև հինը գեղեցկություն է։ Նույնիսկ մաշված, քանդված հին պատշգամբները ու շենքի արվեստը, քարի գույնն, այդ ամեն ինչը ինձ համար արտակարգ հաճույք էր։ Անմիջապես տեսա, նկատեցի, ինչ-որ հնություն է, պատմություն է։
Ինձ հաճելի է այստեղ գտնվելը, արվեստասեր ժողովուրդ են, երաժշտասեր ժողովուրդ են, բայցի այն, որ երաժշտասեր են, հասկանում են նաև, զգում են նաև, այնպես որ, երբ հնարավորություն ընձեռվի, իհարկե՝ մի պայմանով, որ ճանապարհներն ավելի լավանան, էսօր մի քիչ դժվարություն կրեցինք»։
Սամվել Բալասանյանն ասաց, որ մի տարի հետո Հյուսիս-Հարավ ճանապարհը պատրաստ կլինի։
Ջազի թագուհուն հրավիրեցին Սամվել Բալասանյանին պատկանող «Սև Ղուլ» ամրոցը տեսնելու, սակայն երգչուհին ժամանակ չուներ, շտապում էր համերգին նախապատրաստվելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ