Այս պահին Սամվել Բաբայանի աջակիցները Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանի առաջ սպասում են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ ազատ արձակմանը: Րոպեներ առաջ նման տեղեկություն էր տարածվել:
Նրանց փոխանցմամբ՝ պարոն Բաբայանի խափանման միջոց կալանքը կփոխվի ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Հովիկ Աղազարյանի երաշխավորագրերի հիման վրա: Տեղեկացնենք՝ պատգամավորները տվել էին իրենց ստորագրությունները՝ որպես երաշխավորագիր, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացվի միջնորդություն՝ Սամվել Բաբայանի կալանքը փոխելու վերաբերյալ:Վճռաբեկ դատարանը բավարարել է հենց այս միջնորդությունը:
Հիշեցնենք՝ օրեր շարունակ Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ցույցեր էին անցկացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել Արցախի հերոսին:
Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
2017-ի նոյեմբերի 28-ին հրապարակվեց «Իգլա»-ի աղմկոտ գործով դատավճիռը: Բաբայանը մեղավոր ճանաչվեց «Իգլա» ձեռք բերելուն դրդելու եւ փողերի լվացման մեջ եւ դատապարտվեց ընդհանուր առմամբ 6 տարվա ազատազրկման:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:
«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը: