Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները վարչապետին մի շարք հարցեր ուղղեցին:
Օրինակ՝ պայմանագրային հիմունքներով օպերային թատրոնում աշխատող երգչուհի Անի Պիվազյանը դժգոհեց. «Երկրում ինչպես բանանի մենաշնորհ կա, այնպես էլ մեներգիչների մենաշնորհ մեր օպերայում»:
Նա հայտնեց, որ ինքը միջազգային մրցույթների դափնեկիր է, Զալցբուրգում Մոցարտի մրցանակ է շահել՝ կատարելով Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիան, իսկ Հայաստանում, արժանանալով դրական գնահատականի, իրեն զրկել են Ազգային օպերային թատրոնում նույն ներկայացման մեջ մասնակցություն ունենալուց:
Երբ երգչուհին բողոքում էր անարդարությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկեց այդքան խոսելու փոխարեն մի կտոր երգել: Անի Պիվազյանն իսկապես բարձրախոսով մի կտոր երգեց այդ արիայից:
«Դուք հիմա կոտրեցիք մենաշնորհը»,- ժպտալով ասաց Նիկոլ Փաշինյանը, նաեւ հետաքրքրվեց, թե ումից է կախված Պիվազյանի՝ դերերգ ստանալը: «Բնականաբար՝ Կոնստանտին Օրբելյանից»,- ասաց երգչուհին:
Ի դեպ, օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նույնպես ներկա էր դահլիճում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ