ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան 62-ամյա Ազատ Մարտիրոսյանին: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Մարտիրոսյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Վիտալի Լեշկովին: Տեղեկատվության համաձայն՝ նրանք մեղադրվում են Rolls-Royce Holdings ընկերության դուստր ձեռնարկությունում կաշառակերության գործի մեջ ներգրավված լինելու համար: Նշվում է, որ այժմ նրանք երկուսն էլ ապրում են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս:
«Մեր դատախազների և գործակալների համակարգված ջանքերի շնորհիվ, որոնք աշխատել են աշխարհի տարբեր հատվածներում գտնվող իրենց գործընկերների հետ, պատասխանող կողմերը կկանգնեն դատարանի առաջ՝ կոռումպացված սխեմաներին մասնակից լինելու մեղադրանքով»,-ասվում է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
Գործը վերաբերում է Ղազախստանից Չինաստան գազամուղի կառուցման 145 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրին: Կաշառքի դեպքերը գրանցվել են 1999-2013թթ. Աֆրիկայում, Միջին Արևելքում և Հարավային Ամերիկայում : Rolls Royce-ի դուստր ընկերությունը պետք է սարքավորումներ և ծառայություններ տրամադրեր գազամուղի կառուցման համար։
Լինելով միջազգային ինժեներական խորհրդատվական ընկերության աշխատակիցներ՝ Մարտիրոսյանը և Լեշկովը աշխատել են Թուրքիայում բնակվող նավթագազային նախագծերի հարցերով խորհրդատու Պետրոս Կոնտոգուրիսի հետ, որի դեմ 2017թ. հոկտեմբերին 19 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ կոռուպցիոն վճարներ կազմակերպելու, փողերի լվացման համար: Դատախազության հայտարարության համաձայն՝ Rolls-Royce Energy Systems-ը վճարումներ է կատարել Կոնտոգուրիսի ընկերությանը՝ իմանալով, որ միջոցները կիսվելու են KazMunayGas National Co.-ի բարձրաստիճան ղազախ պաշտոնյայի հետ:
Մարտիրոսյանի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններից:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ