Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով միջազգային գիտաժողովը

Մայիս 25,2018 17:01

Սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «1918թ-ի մայիսին Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որը, սակայն, աստիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց:

…Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը: Թեև ընկավ Հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց: Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն` խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք: Փաստորեն, առաջին Հանրապետության հենքի վրա, թեև վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ անկախ Հանրապետության ձևավորման համար»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեկ քառամյակ առաջ հայ ժողովուրդը երկարամյա ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը, և այսօր արդեն մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը շարունակում է ցույց տալ, որ կենսունակ է և հետագայում էլ պետք է շարունակի իր ընդլայնումը: Աշխարհասփյուռ հայության` դեպի Հայաստան ներգաղթի ապահովումը մեզ համար պետք է դառնա առաջին քայլերից մեկը: Եվ  մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ  պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարևոր հանգրվան: Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականության համար այս կարևոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը և, կարևորելով Սփյուք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը, սիրով ուզում եմ մեր կառավարության անունից հայտնել, որ այսուհետ էլ մեր քայլերը պետք է միտված լինեն աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգրավմանը: Շնորհավորում եմ բոլորիս»,- իր ելույթում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը: «1918թ-ին նոր էջ բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այն մեծ խորհուրդ ունի: Տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, հանդիսանում է ոգեշնչման ու հպարտության առիթ:  Միևնույն ժամանակ, այն պատգամ է հետագա սերունդներին`  լինել միշտ միասնական ամենածանր պահերին, ամուր պահել հավատը սեփական ուժերի հանդեպ, գերագույն արժեք համարել հայրենիքին անմնացորդ նվիրումն ու ծառայությունը: Հենց նման արժեհամակարգը հնարավորություն տվեց ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդին տեր կանգնել իր ճակատագրին…»,- մասնավորապես նշված է Բակո Սահակյանի ուղերձում:

ՀՀ  Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: «…Առաջին Հանրապետության տարիներին զգալիորեն ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու գաղափարը, որը հնարավոր դարձրեց հաղթահարել խորհրդային իշխանության հաստատման առաջին շրջանում ստեղծված դժվարությունները, ապահովել կրթամշակութային ու հասարակական մեծ առաջընթաց և հող նախապատրաստել  1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության  վերականգնման համար: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ համայն հայության քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում` ամրագրելով հայության` սեփական ճակատագրին ու երկրին տեր կանգնելու նպատակը»,- մասնավորապես նշված է ՀՀ Սփյուռքի նախարարի ուղերձում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ողջույնի ուղերձը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կողջունենք ձեզ: Հաւաքուած էք` լուսարձակի տակ բերելու ու վերաարժեւորելու Մայիս 28, 1918-ին հռչակուած Հայաստանի առաջին Հանարապետութիւնը իր ներքին ու արտաքին տարածքներով ու յարակից դէպքերով, զարգացումներով…  Ներկայ ամեակը ազգային հպարտութեան ու ցնծութեան առիթ է: Սակայն կը հավատանք, որ միաժամանակ ան մեզի ուղղուած մարտահրաւէր մըն է` 100-ամեակի համազգային նշումէն անդին նայելու, ոգիով ու նպատակասլաց մօտեցումով, մեր ժողովրդի ներկային ու ներկայի իրագործումներով կերտուելու կոչուած ապագային… »:

«… Պատմական փաստերը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ կարող էր այդ հանրապետությունը չստեղծվել, բայց մեր ժողովրդի, նրա քաղաքական ուժերի, կամքի շնորհիվ էր, որ ստեղծվեց այդ հանրապետությունը և ունեցավ վիթխարի դեր մեր հետագա պետականության կերտման համար», – իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ առաջին Հանրապետության պատմության դասերը պետք է լավ ընկալել, որովհետև հայրենի երկրում ապրող հայ ժողովուրդը միշտ գտնվել է ու այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում, մի բան որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին և այն ժամանակ պարտադրում էր, այսօր էլ պարտադրում է վարել այդ իրողությունից բխող բազմակողմանի հիմնավորված ներքին և արտաքին քաղաքականություն: «…Հայ ազգային գաղափարի և նրանով ձևավորված նպատակների լայն քարոզչությունը ազգային, քաղաքական ու հասարակական  կազմակերպությունների, գիտության, կրթության, գրականության, մշակույթի բնագավառների գործիչները, և իհարկե, մենք` հայ պատմաբաններս, պիտի դիտենք որպես մեր առաջնահերթ խնդիրը: Մեր նոր սերնդին մենք սա պետք է ներշնչենք մշտապես, դարձնենք նրա միսն ու արյունը: Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում այս գիտաժողովը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Թբիլիսիի պետական համալսարանի անկախ գիտահետազոտական միավորի Իվ. Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Գիորգի Ճեիշվիլին իր ողջույնի ելույթում մասնավորապես նշեց. «1918թ-ին Հարավային Կովկասում երեք անկախ պետություն ձևավորվեց: Մեկը մյուսի հետևից մայիսի 26-ին և 28-ին Թբիլիսիում վրացիները, հայերը և ադրբեջանցիները քվեարկեցին իրենց ազատության համար: Դա պատմական ընտրություն էր, որից մենք այսօր օգտվում ենք: Դա նաև խորհրդանշական էր իր զուգադիպությամբ ժամանակի և տարածության մեջ: Առաջին դեմոկրատական հանրապետույունները կարճատև էին, բայց դրանց հսկայական նշանակությունը մեր ազգերի պատմության մեջ մեծ է: Վրաստանի և Հայաստանի անկախ հանրապետությունների վերակառուցման գործընթացը նոր ժամանակակից աշխարհում բավականին հաջող փորձ էր: Վրաց և հայ ժողովուրդները ցույց տվեցին պետական և քաղաքական գիտակցության բարձր մակարդակ»:

Պլենար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:  Այնուհետև        երկու օրերի ընթացքում շուրջ 70 զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականները:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 26-ին` ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի շնորհանդեսը։

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

25.05.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031