Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն

Մայիս 25,2018 16:38

Մայիսի 25-ին ՀՕՄ-ի հայաստանյան շրջանակային վարչության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:

Ներկաներին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, որում մասնավորապես ասվում էր. «25-ամյա այս մնայուն և արժեքավոր ձեռնարկը լավագույնս փաստում է Հայ օգնության միության դերակատարությունը Հայրենիքի շենացման գործում: Իրապես, արդեն ավելի քան մեկդարյա հայրենանվեր ու հայապահպան առաքելությամբ կառույցն անդավաճանորեն հավատարիմ է մնում իր որդեգրած հավատամքին: Տարիներ շարունակ նեցուկ կանգնելով կրթական համակարգին, աջակցություն ցուցաբերելով ուսանողներին՝ ՀՕՄ-ը վիթխարի դերակատարություն ունի Հայաստանի ապագայի կերտման հարցում, քանզի կրթված, լայնախոհ և առաքինի երիտասարդներն այսօրվա և վաղվա օրվա հուսալիության գրավականն են:

Այս անգամ անցկացվող «Լավագույն ուսանող» ծրագիրը խորհրդանշական է, քանզի անցկացվում է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի շրջանակներում: Գնահատելի է այն հանգամանքը, որ ծրագրում ընդգրկված են Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած, սահմանամերձ շրջաններում բնակվող և զինհաշմանդամություն ունեցող ուսանողները»:

ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը նշեց, որ ծրագրի նպատակը կրթությանն աջակցելն ու լավագույն ուսանողներին խրախուսելն է: «Երկրի ապագան կերտողները երիտասարդներ են: Ուրախ եմ, որ այս տարի մրցանակներ են ստանում մեր վիրավոր զինվորները, Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու սահմանապահ գյուղերի ուսանողները: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը սերտ գործակցության և աջակցության համար»,-ընդգծեց Դիանա Հովսեփյանը:

ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ուսանողներին փոխանցեց միության կենտրոնական վարչության ողջույնի խոսքը և նշեց, որ պատերազմին մասնակից և սահմանապահ գյուղերի ուսանողները մեր ժամանակի իրական հերոսներն են:

Այս տարի Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ` «Լավագույն ուսանող» մրցանակին արժանացան 100 ուսանողներ:

Մրցանակաբաշխության ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին պարգևների համար: «Շնորհակալություն, որ մեր կողքին եք և օգնում եք մեր դժվար դարձած ճանապարհը հեշտացնել»,- ասաց Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած Արսենը, ով այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031