Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հնարավոր չէ ցեղասպանություն իրականացնել առանց տեղի բնակչության աջակցության. Հարվարդի գիտնականը՝ Այնթափի հայերի զանգվածային ոչնչացման մասին

Մայիս 25,2018 16:35
cexaspanutyun

Ինչպես եք կազմակերպում հաջողված ցեղասպանություն. այնպես, ինչպես մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում, 1940-ական թվականներին նացիստական Եվրոպայում, թե Մերձավոր Արևելքում այսօր: Հարվարդի համալսարանի երիտասարդ գիտնականը, որն ուսումնասիրում է 103 տարի առաջ Օսմանյան կայսրության քաղաքներից մեկում հայերի զանգվածային ոչնչացման փաստը, կարծում է պատասխանը շատ պարզ է. ցեղասպան կառավարությունը պետք է ունենա հասարակության յուրաքանչյուր շերտի աջակցությունը՝ հարկային ծառայության պաշտոնյաների, դատավորների, իրավաբանների, բանկիրների և ամենացավալին՝ զոհերի հարևանների՝ գրում է The Independent բրիտանական հայտնի պարբերականը՝ վկայակոչելով քուրդ հետազոտող Ումիդ Կուրտի աշխատությունը՝ նվիրված 1915թ. Այնթափ քաղաքի հայերի զանգվածային ոչնչացմանը: Երիտասարդ գիտնականի աշխատանքը հրապարակվել է Journal of Genocide Research գիտական ամսագրում:

Հոդվածում Կուրտը մի շարք փաստերով ապացուցում է, որ տեղի իշխանությունները, ենթարկվելով երիտթուրքական կառավարությանը, կազմակերպված քաղաքացիական խմբերի հետ իրականացրել են հայերի զանգվածային ոչնչացում՝ նրանց ունեցվածքին տիրանալու նպատակով: Նշվում է, որ տեղի հանցավոր խմբերը հափշտակել են ագարակներ, այգիներ, խանութներ, թալանել են եկեղեցիների, դպրոցների, գրադարանների ունեցվածքը: Պաշտոնապես այս ամենը կոչվել է «տարհանում» կամ «առգրավում», բայց ինչպես նկատում է Կուրտը, Այնթափում մարդկանց մեծ մասը միմյանց հետ կապված էր նյութական շահով:

Հրապարակված հոդվածում Կուրտի հիմնական թեզն այն է, որ Թուրքիայի կենտրոնական իշխանությունները չէին կարող հայերի ցեղասպանությունն իրականացնել առանց քաղաքացիական խմբերի և առանձին անհատների աջակցությամբ:

Կուրտն այն սակավաթիվ գիտնականներից մեկն է, որ ճանաչում է նախքան ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայերի տնտեսապես հզոր լինելու հանգամանքը: Նրա խոսքով՝ մուսուլմանական համայնքի նախանձը և դժգոհությունը մեծ դեր խաղացին ատելության մթնոլորտ ստեղծելու համար:

Բրիտանական պարբերականը գրում է, որ չնայած Կուրտն իր հետազոտությունում զուգահեռներ չի անցկացնում Հայերի ցեղասպանության և Հոլոքոստի միջև, Այնթափի օրինակով կարելի է գտնել բազմաթիվ նույնանման դեպքեր՝ կապված Գերմանիայում, Եվրոպայի տարբեր հատվածներում հրեաների զանգվածային ոչնչացման հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031