Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել:
Բացի դրանից, հաշվի առնելով քրեական գործ հարուցելու հիմքերի հայտնաբերմանն օժանդակելու հարցում «Հետք»-ի արտահայտած պատրաստակամությունը՝ դիմել ենք խմբագրությանը՝ տրամադրելու չարաշահումների փաստերի վերաբերյալ իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Հ. Գ. Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը «Մեդիամաքսին» ասել է. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է, բայց այդպես է ոչ միայն վերջին օրերին, այլեւ եղել է միշտ՝ անկախ իմ ղեկավարման տարիներից: Հանրայինը վերջին տարիներին անցել է բոլոր հնարավոր ստուգումները, ըստ այդմ, կոռեկտ չի լինի մեկնաբանել իմ հրաժարականի պահանջի օբյեկտիվ լինել-չլինելը: Բայց եթե որպես հիմք ընդունում եք վերջին օրերի այսպես կոչված «բացահայտումները», ապա դրանք իրականության հետ կապ չունեն։ Որոշ դեպքերում հղում է արվում հին օրենքներին, որոնք արդեն երկար տարիներ չեն գործում: Գուցե դրանք հարմար են մեղադրանքի համար, բայց չունեն իրավական ուժ եւ առնչություն իրականության հետ»: