Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը: Այսօր այս մասին հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, որը ՀԱԷԿ-ի տնօրինության հետ շրջեց ատոմակայանում, ծանոթացավ ընթացող աշխատանքներին: ՀԱԷԿ-ը կկանգնեցվի շահագործման ժամկետը երկարաձգելու եւ արդիականացնելու նպատակով: Նախարարն ասաց, որ երկարաձգման ժամկետը 10 տարի է:
Հարցին, Հայաստանը պատրաստվո՞ւմ է նոր ատոմակայան կառուցել, ժամկետն ավարտվելուց հետո, արդյոք նման հարց քննարկվե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պարոն Գրիգորյանն ասաց՝ որ նման հարց Փաշինյանի հետ չեն քննարկել. «Շատ կարճ ժամանակ է, որ կառավարությունը ձեւավորվել է եւ այս պահին, չկա նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն: Դա խորը մասնագիտական եւ փորձագիտական վերլուծություններ է պահանջում եւ չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու»:
Արթուր Գրիգորյանը պատասխանելով իրանական գազի ներկրման եւ ռուսական գազի՝ սահմանի վրա թանկ լինելու հարցերին, նշեց, որ իրանական գազը սահմանի վրա ավելի թանկ կնստի, քան՝ ռուսական գազը:
Ըստ նախարարի, իրանական գազի գինը սահմանի վրա 165 դոլար է, ռուսականինը՝ 150 դոլար: Բացի այդ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ունի մեր երկրում, ինչը ավելի է էժանացնում ռուսական գազը:
«Բայց դա մեզ չի ստիպում, որ մենք քարացած նստենք ու չշարունակենք բանակցությունները: Դրանք լինելու են, մենք փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ