Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը չի կարող ներկայացուցիչ ունենալ իշխանության մեջ:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սաքունցը հիշեցրեց, որ ժամանակին, երբ ինտենսիվ խոսակցություններ էին գնում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է առաջադրվելու, իրենք տարածեցին հայտարարություն, որտեղ նշում էին՝ այդ փաստը կնշանակի ավտորիտար իշխանության ամրապնդում և դրանից բխող բռնապետական միտումների ձևավորում:
Արթուր Սաքունցը քաղհասարակության ներկայացուցչի՝ իշխանության անդամ դառնալու վերաբերյալ պարզաբանեց. «Քաղհասարակության ներկայացուցիչը, երբ իշխանության կազմում անցնում է աշխատանքի, դադարում է քաղհասարակության անդամ լինել: Միևնույն ժամանակ նշեմ, որ մենք պասիվ դերում չենք լինելու, այլ ակտիվ ազդեցության վարքագիծ ենք որդեգրելու՝ մասնակցել, աջակցել ու վերահսկել»:
Հարցին՝ ինչքանո՞վ է քաղաքացիական հասարակությունը պատրաստ համագործակցել նոր իշխանությունների հետ, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը պատասխանեց. «Հիմա իրադրությունը կտրուկ փոխվել է: Օրինակ՝ այն գաղափարախոսությունը, որով շարժումն այս իշխանափոխությունն ու հեղափոխության մեկ փուլն իրագործեց, այն գաղափարախոսությունն էր, որը 88 տոկոսով նույնն էր, ինչ իմ կամ մեր կազմակերպության գաղափարախոսությունը: Դրանք հետևյալ գաղափարներն են՝ թափանցիկություն, ապակենտրոնացում, ոչ բռնություն, երիտասարդություն և մի շարք նման թեզեր: Նույն այդ գաղափարախոսությամբ նոր կառավարությունն անցել է գործի: Եթե այն ժամանակ անհետաքրքիր էր պարզապես շատ քաղաքացիների համար զբաղվել քաղաքականությամբ, դիտել ԱԺ նիստերը, հիմա ամեն ինչ աչքի առաջ է, և բոլոր քաղաքացիները դրանով հետաքրքրված են, և փաստորեն քաղաքացիության նոր մակարդակի պահանջ է դրվում իրենց վրա: Այն գիտակցությունն է հանրության մոտ, որ նրանք կարող են նաև մասնակից լինել: Բայց կարևոր է, որ դա ռացիոնալ տեսք ընդունի: Մենք պիտի շարունակենք աշխատել քաղաքացիների հետ՝ օգնելով, որ նրանց կարծիքները ճիշտ հունով դասավորվեն և մեխանիզմներ ստեղծենք, որ քաղաքացիների և կառավարության երկխոսությունը օգտավետ լինի»:
Ըստ Գևորգ Տեր-Գաբրիելյանի՝ ստեղծված իրադրությունը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակությանը ռազմավարական գործընկեր լինել իշխանության հետ:
Դիտարկմանը՝ քաղաքացիական հասարակության դերը գուցե նվազի, քանի որ ամբողջ հասարակությունը մի մեծ քաղհասարակության է վերածվել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն արձագանքեց. «Շատ կարճ ժամանակում մեծ քայլ արվեց: Մի քանի օրվա, շաբաթվա մեջ արվեց այն, ինչ քաղհասարակության ներկայացուցիչներն անում էին տարիների ընթացքում: Բայց դա դեռ չի նշանակում, որ հ/կ-ների դերը պիտի նվազի: Կատարվածը կարճաժամկետ, ոչ կայուն գործընթաց էր: Այդ ժամանակահատվածի համար կատարեց իր դերը, բայց դեռ չի երաշխավորվում, որ վաղը, մյուս օրը կարող են այդ քաղաքացիներն ակտիվ կերպով պահանջել կառավարությունից, ակտիվ մասնակցել որոշումների կայացմանը: Մտավախություն կա, որ հիացած այս ամենից, որոշ քաղաքացիներ կմիամտվեն, որ իրենց ընտրած իշխանությունն է եկել իշխանության, մինչդեռ քաղաքացիները պիտի հասկանան, որ հեղափոխության ձևաչափով տրվել է հնարավորություն, որ մարդիկ իրենք մասնակցեն իրենց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին»:
Սոնա Այվազյանի վստահեցմամբ՝ միայն դա կարող է երաշխավորել, որ ապագայում ՀՀ-ն կլինի ժողովրդավար երկիր: Ըստ նրա, եթե ժողովուրդը միամտվի ու գնա տուն, կկանգնենք այն խնդիրների առաջ, ինչի առաջ կանգնել էինք անկախությունից հետո: Սոնա Այվազյանը եզրափակեց. «Այսօր տեսանելի է, որ կա քաղաքական կամք, և մարդկանց համար ակնհայտ է, որ կա այն, ինչ չկար ժամանակին»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը և իր՝ նրա հետ հանդիպմանն, ասաց. «Վալերի Օսիպյանի նշանակումը ես այնքան էլ չողջունեցի, բայց, այդուհանդերձ, հանդիպեցի իրեն ու ասացի, որ եթե մի շարք ուղղություններում իրենք բարեփոխումներ սկսեն, ապա կարող են մեզանում դաշնակից տեսնել»:
Դանիել Իոաննիսյանը նշեց երեք ուղղություն՝ ոստիկանության համակարգում ներքին կոռուպցիան, մարդու իրավունքների հարգումը ՀՀ ոստիկանության կողմից, ընտրական հանցագործությունների և, առհասարակ, հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Ըստ պարոն Իոաննիսյանի՝ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ վերջին երկու շաբաթում ավելի պտղաբեր է եղել, քան նախորդող տարիների ընթացքում:
Նա շեշտեց՝ նոր իրողություններ են և դրանց գոյության պայմաններում դատախազությունը, ՏԻՄ մարմինները պետք է գործեն օրենքների հիման վրա, սահմանադրական որոշ մարմիններ սկսեն գործել նոր իրողությանը համաձայն, ինչը ենթադրում է օրինականություն, հարգանք սահմանադրական կարգի, օրենքների, մարդու իրավունքների նկատմամբ: Հակառակ դեպքում իրենք սիպված են լինելու ուժ գործադրել:
Հստակեցմանը՝ ի՞նչ տեսակի ուժի գործադրում, Դանիել Իոաննիսյանն այս օրինակը բերեց. «Խորհրդարանում այն, ինչ լսեցի, մտահոգիչ էր: Լսեցի, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Ընտրական օրենսգրքի որևէ փոփոխության կողմ քվեարկել: Այսինքն՝ ենթադրում եմ, որ որոշ մարդկանց արժի հիշեցնել, որ շաբաթներ առաջ իրենք անգամ սրճարանում չէին կարողանում սուրճ պատվիրել, քանի որ իրենց ասում էին՝ հելեք, գնացեք ստեղից, քանի որ քեզ չենք սպասարկում: Ու թող չփորձեն նորից հանրությանը տրամադրել իրենց դեմ: Թշնամուն չես մաղթի այն իրավիճակը, որում իրենք հայտնվել էին և կարող են նորից հայտնվել, եթե վերադառնան հին ոճին և մանդատը կիրառեն հայաստանյան հասարակության կամքին դեմ: ՀՀ կամքը ենթադրում է որակյալ ընտրություններ, որի պատրաստման պայմաններում մեր Ընտրական օրենսգրքի փոփոխություն է պետք և ընտրություններ. որ խորհրդարանը ցրվի: Ուստի պետք է նրբորեն ակնարկենք, ու իրենց տեղն իմանան, երջանիկ լինեն, որ հիմա իրենց սրճարանում սպասարկում են և իրենք կարողանում են հանգիստ փողոցով քայլել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի