ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ի պատասխան Aravot.am-ի հարցի ասաց, որ արդեն գործնական աշխատանքների փուլում են, իսկ մի տասը օրից կքննարկեն ներկայացված առաջարկությունները:
Հարցրինք, թե ինչպես է վերաբերում իրեն ուղղված քննադատություններին: Նախարարն ասաց. «Կարծում եմ, որ դա կառուցողական աշխատանքի բնականոն հուն է: Ընդունում եմ բոլոր կառուցողական քննադատությունները, ինձ համար դրանք կարեւոր են»:
Նկատի ունենալով նախարարի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ նախարարության աշխատակիցները պետք է կիսեն իր քաղաքական դիրքորոշումը, Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախարարության ՀՀԿ-ական կամ այլ քաղաքական նախասիրություն ունեցող աշխատակիցները փոխարինվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներով: Նախարարն ասաց, որ իր հայտարարությունը վերաբերում էր միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին ու այս պահին կադրային փոփոխություններ չեն նախատեսվում: Նաեւ հավելեց, որ փոխնախարարների հետ հարաբերությունները նորմալ են:
Լրագրողների հետաքրքրություններին ի պատասխան նա հայտնեց, որ սիրած գրողը Արմեն Օհանյանն է, սիրում է թատրոն, սակայն ժամանակ չունի ներկայացումներ դիտելու, «Ոսկե ծիրան» փառատոնն էլ նրա սիրելիներից է դեռեւս ուսանողական տարիներից: Նախարարը տեղեկացրեց, որ կինոփառատոնն անպայման կկայանա, քանի որ լուծվել են ֆինանսական խնդիրները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ