Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել հոլիվուդյան հայտնի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին արտահանձնելու՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը: Մայիսի 24-ին կայացած նիստին Մոսկվայի դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ արտահանձնումը համարելով օրինական և հիմնավորված, հաղորդում է Business FM-ը:
Հայաստանում Մարտիրոսյանը մեղադրվում է շուրջ 50 միլիոն դոլար յուրացնելու համար: Քննության վարկածով՝ Մարտիրոսյանը 97 միլիոն դոլարով վաճառել է 20 ամերիկյան ֆիլմի իրավունք՝ ֆիլմերի արժեքը բարձրացնելով երկու անգամ: Կինոպրոդյուսերի խոսքով՝ իր դեմ հետապնդումները քաղաքական բնույթ են կրում:
Ստեփան Մարտիրոսյանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, արդեն 30 տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Նա ձերբակալվել է 2017թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Պարզվել է, որ ձեռնարկատերը գտնվում է Ինտերպոլի հետախուզման ցուցակում:
Նշվում է, Մարտիրոսյանի դեմ քրեական գործ հարուցվել է Հայաստանում` Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության դիմումի հիման վրա, որը ռեժիսորի պնդմամբ՝ պատկանում է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր ռուսաստանաբնակ Վիտալի Գրիգորյանցին:
Քննության տվյալներով՝ 2011-2013թթ. հենց այդ ընկերության հետ Մարտիրոսյանը կնքել է 20 ֆիլմի վարձակալության պայմանագիր՝ ամերիկյան «Էնվիժն Ինթերթեյմենթ» ընկերության անունից, որը ղեկավարում է հենց ռեժիսորը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 97.2 միլիոն դոլար, որից նա ֆիլմերի գնման վրա ծախսել է միայն 47.2 միլիոնը, իսկ մյուս կեսը՝ 50 միլիոն դոլարը, շորթել է: Նրա գործողությունները Հայաստանում որակվում են որպես խարդախություն առանձնակի խոշոր չափով:
Մարտիրոսյանի պաշտպան Դմիտրի Ռոշրինը Business FM-ին հայտնել է, որ քրեական հետապնդումն անօրինական է: Նա դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 20 ամերիկյան ֆիլմ գնելու մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի տարածքում՝ ամերիկյան օրենսդրության համաձայն: «Այսպիսով, հանցագործությունը, եթե ենթադրենք, որ իսկապես իրականացվել է, տեղի է ունեցել ԱՄՆ-ի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի»,-ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ զարմանալի է, թե ինչու են հայ քննիչները քննում այդ գործը և ինչու է Հայաստանի դատախազությունը Մարտիրոսյանին ձերբակալելու հարցում ուղարկել հենց Ռուսաստանի Դաշնությանը:
Ինքը Մարտիրոսյանը իր դեմ գործ հարուցելու պատճառ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու ցանկությունը՝ հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ