Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային կինոկենտրոնի պարզաբանումը Կաննի կինոշուկայում այս տարվա հայկական տաղավարի մասին

Մայիս 25,2018 14:52

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում են Կաննի կինոշուկայում (մայիսի 8-17) այս տարվա հայկական տաղավարին վերաբերող տարրաբնույթ հրապարակումներ, նյութեր, մեկնաբանություններ։

Ներկայացնում ենք  վերջին երկու հրապարակումների վերնագրերն ու  հղումները՝  «Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին. «Դա սարսափելի քայլ էր»,  «Ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային»։  Դրանցում, մասնավորապես, խոսվում է , որ Հայաստանն այս տարի  Կաննի կինոշուկայում չի ունեցել առանձին տաղավար, որ հայկական պատվիրակության անդամները (3 պրոդյուսեր և 1 թարգմանիչ) աշխատել են մեկ այլ տաղավարում ( հղումը՝  լրագրող Կարեն Ավետիսյանի ֆբ-էջից,  չեն կարողացել կազմակերպել պատշաճ  հյուրասիրություն, հանդիպումներ և ֆիլմերի պրեզենտացիաներ․․․Եվ, թե  ինչպե՞ս և ինչո՞ւ է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը իբր խոչընդոտել ու տապալել հայրենական կինոն Կաննի կինոշուկայում ներկայացնելու գործընթացը։

Բարձրացված  բոլոր հարցերին  լիարժեք պատասխանելու համար Ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացնում ենք պարզաբանում՝  հենվելով Կանն մեկնելու նախապատրաստական աշխատանքների փաստաթղթերի, գրությունների  բովանդակության վրա։

2018 թ․ մայիսի 8-17-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության 0704 2018 թ հրամանով  հայտարարվեց կինոնախագծերի մրցույթ, ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով , որի կազմում  ընդգրկված էին  Արսեն Բաղդասարյանը (նախագահ), Գուժ Թադևոսյանը, Կարեն Ղազարյանը, Արմեն Գրիգորյանը, Հայկ Սահակյանցը և Իննա Սահակյանը։ Արդյունքում,  ներկայացված  6  կինոնախագծից  ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները» նախագծերը։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն  Շուշանիկ Միրզախանյանը  բազմիցս գրավոր և բանավոր  դիմել է Կաննի շուկայի  հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանին՝   տրամադրելու լիարժեք  տեղեկատվություն տարվող աշխատանքների, գործողությունների քայլերի մասին՝ ընդհուպ տեղում  պայմանավորվածությունների ժամանակացույցի, ինչպես նաև կինոշուկայում տաղավարի վարձակալության պայմանագրի, պատվիրակության անդամների, նրանց զբաղվածության և այլ կարևոր հարցերի մասին։

Արսեն Բաղդասարյանը (06042018թզեկուցագրով )  չի պատասխանում հարցումներին։ Կինոկենտրոնի տնօրենը  2504 2018թ,  նոր գրությամբ կրկին դիմում է Ա․Բաղդասարյանին՝  ներկայացնելու Կաննի կինոշուկայի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նաև  Կաննի կինոշուկայի տաղավարի վարձակալության պայմանագրում նշված  Film commission of the Armenia  կազմակերպության իրավական փաստաթուղթը՝ վկայականը։

Այդ օրերին, երբ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը , ապրիլի 19-22-ը մեկնում է Մոսկվա՝ գործուղման, կինոկենտրոնից ապրիլի 20-ին գրություն է ներկայացվում նախարարություն՝  Կաննի կինոշուկայի մասնակցության  ամբողջական ծրագրով  և նախահաշվով։ Վերադարձից անմիջապես հետո,  տեղեկանալով գրության մասին, նախարարությանն  ուղղված  ապրիլի 25-ի  մեկ այլ գրությամբ  խնդրում է կասեցնել և անվավեր  համարել 20042018թ կինոկենտրոնի ներկայացրած գրությունը, քանի որ այն ամբողջովին սխալ  է իր բովանդակությամբ և հիմնավորող փաստաթղթերով։

Ստեղծված իրավիճակում, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շ․Միրզախանյանը 04052018թնախարարությանն ուղղված իր գրությամբ հայտնում է, որ  Արսեն Բաղդասարյանի կողմից ներկայացված Կաննի 71-րդ  միջազգային կինոփառատոնի շրջանակներում մայիսի 8-17-ը  անցկացվող  կինոշուկայի մասնակցության ծրագրի վերաբերյալ ունի  առարկություններ, քանի որ դրանում բացակայում են  նախապես հաստատված աշխատանքային ժամանակացույցը, ամրագրված հանդիպումները և հրավերները այլ  կազմակերպությունների հետ։

Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը կինոշուկայի ծրագրում պատրաստվում էր հանդիպումներ ունենալ Եվրոպական տեսալսողական դիտարանի և Եվրիմաժի  հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  Հայաստանում կինոարտադրության պետական կառավարման նոր մոդելի և հանձնակատարի ինստիտուտի գործունեությունը, երիտասարդ կինոգործիչների բացահայտման և աջակցության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանը որպես նկարահանումների բարենպաստ վայր առաջարկելը։ Կինոկենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ այդ երկու եվրոպական կառույցները նման հարցերով չեն զբաղվում։  Ավելին, Կաննի փառատոնի շրջանակներում  անցկացվող Եվրիմաժի թեմատիկ  խմբերի նախապես հաստատված աշխատանքներին կողմնակի անձինք չեն կարող մասնակցել։  Հավելենք, որ պատվիրակությունը պատրաստվում էր կինոշուկայում ներկայացնել նաև դեռևս քննարկումների փուլում գտնվող «Կինոյի մասին օրենքի» նախագիծը։

Ելնելով  այս իրավիճակից , Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը որոշում է կայացնում կինոշուկա ուղարկել  երեք հաղթած կինոնախագծերի պրոդյուսերներին, և  համաձայն նախարարության կողմից  մրցույթի հաստատված կարգի՝ ապահովելով նրանց  կինոշուկայի հավատարմագրերով, ավիատոմսերով և ուղևորափոխադրումներով ։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը պայմանավորվածություն է ձեռք բերում ֆրանսաբնակ մեր հայրենակից, բարերար Ռայմոնդ  Եզեգելյանի հետ (նա տարիներ շարունակ  աջակցել է հայկական պատվիրակությանը կինոշուկայում աշխատանքների կազմակերպական գործում), որպեսզի հենց նրանց տաղավարում էլ այս տարի աշխատի հայկական փոքրաթիվ պատվիրակությունը (այս պարագայում ողջամիտ որոշում էր, քանի որ մասնակիցները չունեին նախնական այնպիսի պայմանավորվածություններ և կարևոր հանդիպումներ, որը անհարմար իրավիճակ կստեղծեր նրանց և հյուրերի համար)։

Հ․Գ․Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա Կաննի կինոշուկայի արդյունքների մասին   հարցումները մամուլում և մասնագիտական շրջանակներում այդպես էլ չստացան  լիարժեք պատասխան։ Վերջին հարցումը այդ մասով  հնչեցվել է 2018թ․ մարտի 6-ին՝ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում։ Ստորև ներկայացնում ենք հղումը՝ (https://www.aravot.am/2018/03/06/941076/), սակայն, պատասխանը նույնն էր, ինչպես  նախորդ տարվա հրապարակումներում՝

https://hetq.am/arm/news/80303/huyzh-gaxtni-kannum-hh-petakan-droshi-nerqo.html ,
https://m.aravot.am/2017/12/22/927878,

https://m.aravot.am/2017/05/11/884731:

Այս շարքը, թերևս, կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով։

 Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031