Վերջին շաբաթներին ողջ աշխարհով սփռված հայերը հպարտանում են Հայաստանի իրենց սիրելի Սրբազան մայրաքաղաք Երեւանով, որտեղ իրականացավ աշխարհում առաջին թավշյա հեղափոխությամբ իշխանափոխությունը, որը զարմացրեց ոչ միայն հայերին, այլ նաեւ աշխարհի բոլոր պետություններին եւ քաղաքագետներին, որոնցից շատերը չէին հավատում թավշյա հեղափոխության հաղթանակին ու իշխանափոխությանը։ Առանց զենքի, առանց մեկի քիթն իսկ արյունելու անհնազանդության թավշյա իշխանափոխության իրականացումով միանգամից դրականորեն վերափոխվեց նրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
Հայոց պատմությունը հարուստ է անհատների դերակատարությամբ իրագործություններ իրականացնելու, ինչպես Գեւորգ Մարզպետունին, Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը…, որոնք սերունդներին արժանի հիշատակներ թողեցին իրենց մասին հայոց պատմության մեջ։
Եվ մեր օրերի այդ անհատների շարքը համալրեց Նիկոլ Փաշինյանը միայն մի տարբերությամբ, որ եթե վերեւում հիշատակվածները պայքարում էին Հայաստանի ազատության համար օտար զավթիչների դեմ զենքով, բանակով ու աշխարհազորայիններով, Նիկոլ Փաշինյանը իր համակիրներով առանց զենքի պայքարեց ներքին թշնամու՝ թալանողների (օլիգարխների) դեմ, որոնք ներկա Հայաստանը հասցրել էին կործանման եզրին եւ՛ հարստությունը թալանելով, եւ՛ ժողովրդին պարտադրելով արտագաղթել, որի հետեւանքով առաջացավ Հայաստանի գոյատեւելու հարցը։
Փառք ու պատիվ Հայաստանի ժողովրդին, որ ժամանակ առ ժամանակ պոռթկում է Հայաստանը ազատելու իր ներքին թշնամիներից, բայց հազվագյուտ դեպքում է հասնում հաջողության, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագային, որը գովելի է, մանավանդ, որ Հայաստանի նոր սերնդի երիտասարդությունը հավատաց նրան եւ միասնական ճակատով հաղթանակի հասավ։
Այս առիթով բազմաթիվ շնորհավորանքներին ուզում ենք ավելացնել եւս մեկը Նիկոլ Փաշինյանի Վարչապետ ընտրվելու առթիվ հանձինս Ամերիկայի հայության, որի հիմնական մասը ապրելով Կալիֆորնիայում, հատկապես Լոս Անջելեսում, ամբողջ սրտով շնորհավորում է եւ ցանկանում է շուտափույթ հաջողություն իր կառավարությանը, որպեսզի մոռացվեն «արտագաղթ» եւ «վիճակախաղ» (ԱՄՆ-ում հաստատվելու համար) եւ կյանք մտնեն «հայրենադարձություն» եւ «հայրենաշինություն» բառերը, որոնք օգնեն նոր կառավարությանը շուտափույթ վերականգնելու Հայաստանի տնտեսությունը եւ բարձրացնելու ժողովրդի բարեկեցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը դժվար օրեր են սպասում կառավարությունը բնականոն հունի մեջ դնելու հետ զուգահեռ՝ հաղթահարելու ՀՀԿ-ի մարտահրավերները, որն իր պատգամավորներով մեծամասնություն լինելով Ազգային ժողովում հեշտությամբ տեղի չի տա…։
Երիտասարդներով կազմավորվող նոր կառավարությունում անխուսափելի կլինեն նաեւ սխալները, քանի որ նրա անդամներից շատերն անփորձ են։ Պետք է լինել չափազանց զգույշ՝ տհաճություններից խուսափելու համար։ Կարծում ենք նոր կառավարության մեջ հնարավորության սահմաններում պետք է ընդգրկել նաեւ հին կառավարության փորձառու ու բարեհոգի պաշտոնյաներին, որոնց օգնությունը կթեթեւացնի նոր կառավարության հոգսերը։
Այսօր աշխարհի հայությունն իր բոլոր զգայարանները ուղղած Հայաստանին-Երեւանին, ամեն րոպե սպասում է հաճելի լուրերի նոր կազմավորվող կառավարության կողմից։ Այս առիթով պետք է նշել, որ բավական անհաճո գրություններ էլ են լինում նոր կառավարության մասին, որը բնական երեւույթ է։
Ուրախալի է, որ աշխարհի բոլոր կողմերից շնորհավորական գրություններ է ստանում նոր ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ գրություններում երբեմն խախտվում է բարոյական եւ օրինական մոտեցումը։ Մարդիկ պետք է հարգանքի արժանանան ըստ իրենց պաշտոնի մակարդակի։
«Ասպարէզ» օրաթերթի (տե՛ս Չորեքշաբթի, Մայիս 9, 2018) առաջին էջում տեղադրված է . «Արամ Ա. եւ Գարեգին Բ. Կաթողիկոսները Կը Շնորհաւորէն Նիկոլ Փաշինեանը»։ ԱՆԹԻԼԻԱՍ, ԷՋՄԻԱԾԻՆ.- Մայիսի 8ին, Արամ Ա. եւ Գարեգին Բ. կաթողիկոսները շնորհաւորագիրներ յղեցին Նիկոլ Փաշինեանին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուելուն առիթով։
Ստորեւ կու տանք Արամ Ա. կաթողիկոսի նամակը. …»։
Այս շնորհավորագրերը գրողները չե՞ն տարբերում մարդկանց պաշտոնները ըստ նրանց մակարդակի եւ անպատշաճ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, որը երկու դեպքում էլ անհարգելի է։ Կարծում ենք շնորհավորագրերը առանձին-առանձին պետք է գրվեին եւ ուղարկվեին. առաջինը՝ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, երկրորդը՝ Անթիլիասի կաթողիկոսի կողմից։ Մարդիկ ըստ իրենց պաշտոնի մակարդակի պետք է հարգվեն առանց որեւէ առարկության եւ մեկնաբանության…։
Բազմապիսի կարծիքներ կան նաեւ կառավարության նոր նշանակված պաշտոնյաների մասին, որոնցից մեկն էլ Սփյուռքի նորանշանակ երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանն է։ «Սփիւռքի Նորանշանակ Նախարարը Երկպալատ Խորհրդարան Ստեղծելու Առաջարկ Ներկայացույց» հոդվածում (տե՛ս ,Ասպարէզ«, Երեքշաբթի, Մայիսի 15, 2018, առաջին էջ) գրված է. «ԵՐԵՒԱՆ.- ՀՀ սփիւռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետեան կ՛առաջարկէ ստեղծել երկպալատ խորհրդարան, որոնցմէ մէկուն մէջ ներկայացուած ըլլան միայն Սփիւռքի ներկայացուցիչները։ Յառաջիկային պիտի փորձեմ անդրադառնալ այս հարցին… Նախարարը նշեց, որ նախարարութիւնը այս հարցով առաջարկներ պիտի ընդունի նաեւ Սփիւռքի ներկայացուցիչներէն։ Այդ պատճառով չի բացառուիր, որ բուն նախաձեռնութեան մէջ փոփոխութիւններ ըլլան։ Նախարարին համաձայն՝ խորհրդարանի ներկայացուցիչները պէտք է ընտրուին գաղթօճախներու մէջ…»։
Հայաստանի Հարաբերությունները Սփյուռքի հետ շատ զգայուն հարց է, որը այս դեպքում կարող է չնախատեսված բացասական արդյունքների հասցնել եւ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանել՝ հսկա ճեղք առաջացնելով Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, ուստի նախքան այն հանրության ներկայացնելը պետք է լուրջ քննարկվի…։
Արդեն վերեւում նշել ենք, որ կառավարությունը իր գործունեության մեջ պետք է զգույշ լինի, հատկապես, երիտասարդ նախարարները, որոնք գործունեության մեծ փորձ չունեն։ Սփյուռքի Նախարար Մխիթար Հայրապետյանը նախ լավ պետք է ուսումնասիրի Սփյուռքը։ Սա վիրավորանք չէ, կյանքի թելադրանքն է։ Նույնիսկ երկար տարիներ Սփյուռքում ապրողը չի կարողանում լրիվ ճանաչել Սփյուռքը։ Սփյուռքը բարդ հատվածականություն է, որի հետ շատ դժվար է լրիվ հասկացվել։ Եթե Սփյուռքում լիներ մի ղեկավար մարմին (որի մասին տասնյակ տարիներ գրվում ու առաջարկվում է, բայց չկա…), որի հեղինակությունը ընդունվեր եւ հարգվեր բոլոր կազմակերպությունների՝ կուսակցությունների, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների եւ հարգանք վայելող անհատների կողմից, այդ դեպքում հեշտանում էր նախարարի առաջարկը։ Բայց այսօր Սփյուռքում վերոհիշյալներից յուրաքանչյուրն իր շահերն է առաջ քաշում, որտեղ էլ ներկայացված լինի՝ Սփյուռքում, թե խորհրդարանում, որը հնարավոր չէ տեղավորել նախարարի առաջարկի մեջ, այսինքն եթե նույնիսկ նշված կազմակերպությունների յուրաքանչյուրից ներկայացուցիչ լինի նախարարի առաջարկած խորհրդարանում, տվյալ ներկայացուցիչը հիմնականում կպաշտպանի իր կազմակերպության շահերը, որը մեծ գլխացավանք կլինի եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփյուռքի համար, եւ փոխանակ միասնական դաշտ ստեղծվի կստացվի հակառակը՝ եղած միասնական դաշտն էլ կքանդվի, Սփյուռքում անհաշտություն կլինի եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարող են ավելի թուլանալ։ Նորից կրկնելով, որ այս հարցը շատ զգայուն հարց է, պետք է ճիշտ գնահատել երեւույթը, որից հետո հստակ որոշում կայացնել։ Ամենաճիշտ որոշումը կլիներ, աշխատել նախ Սփյուռքի գաղութներում ստեղծել ղեկավար մարմիններ, նրանց մեջ ընդգրկելով տվյալ գաղութի համայնքների ներկայացուցիչները, եւ այդ մարմինները ներկայացնեին տվյալ գաղութը տվյալ երկրի օրենսդրական կարգով (եթե հաջողվեր), որից հետո հեշտ կլիներ լուծել նախարարի առաջարկած հարցը։ Դժբախտաբար, գաղութներում ղեկավար մարմին ստեղծելու հարցը շատ բարդ խնդիր է, քանի որ ամեն մի կազմակերպություն ունենալով իր շահերը, կաշխատի ղեկավար մարմնին ինքը տիրապետել, որից կառաջանան հետագա անհաջողությունները եւ տհաճ երեւույթները բոլոր կողմերի համար…։
Հաջողություն ենք մաղթում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության գործունեությանը, որպեսզի առկա բազմաթիվ խոչընդոտները հաղթահարելով դառնա հայ ժողովրդի վստահելի ու սիրելի ժողովրդավարական պետությունը։
Վահան Բահարյան
Լոս Անջելես
Մայիս 21, 2018
“Ամենաճիշտ որոշումը կլիներ, աշխատել նախ Սփյուռքի գաղութներում ստեղծել ղեկավար մարմիններ”…
Պէտք էր շատ երկար մտածել աւելի զաւեշտական մտայղացում առաջարկելու համար։