Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը հորդորում է Միհրան Պողոսյանի, Աշոտյանի առանձին կարծիքը ՀՀԿ-ի կարծիքի հետ չնույնացնել

Մայիս 25,2018 14:36

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին լրագրողները հարցրեցին՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ԱԱԾ պետը տեղեկացրեց, որ կան բերման ենթարկվածներ, մասնավորապես, բացահայտվելու է այն շղթան, թե ինչպես են ինչ-որ անձինք պետության հաշվին հարստացել ապօրինությամբ, հարկերից խուսափել, ինչո՞ւ նախորդ իշխանության օրոք այս աղմկահարույց դեպքերի մասին բոլոր այդ մարմինները լռում էին:

Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք շտապում եք, առավել եւս ես ցավում եմ, որ ԱԱԾ-ն է շտապում հայտարարություններ անելու համար: Պետք է ավելի ուշ այդ հայտարարություններն աներ: Իրադարձությունների զարգացմանը հետեւենք, կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխանում»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, այն, ինչ հայտարարում է ԱԱԾ պետը, սո՞ւտ է՝ նա պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածը, ոչ, բերման ենթարկված մարդիկ կան: Բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունը եւ դրա հետ օրենսդրական դաշտի կարգավորումը: Վաղը, մյուս օրը կամ ՊԵԿ նախագահը, կամ ԱԱԾ պետը կանեն հայտարարություններ»:

Խոսելով ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի՝ Արթուր Դավթյանի մասին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես իրավունք չունեմ Արտակ Դավթյանին, որի հետ ընդհանրապես շփում չեմ ունեցել, առավել եւս մասնագիտական առումով չեմ կարող գնահատական տալ»:

Aravot.am-ի հարցին՝ ձեր խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ահազանգում է, որ չնայած Փաշինյանը հայտարարել էր, որ վենդետա չի լինելու, բայց վենդետա է իրականացվում, իր օգնականին ձերբակալել են, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է քաղաքական հետապնդումների մասին, կա՞ վենդետա եւ քաղաքական հետապնդում Փաշինյանի եւ նրա իշխանության կողմից՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ առանձին քաղաքական գործիչների կարծիքները քաղաքական ուժի կարծիքի հետ մի համատեղեք: Կան տարբեր գնահատականներ՝ քաղաքական հետապնդում, վենդետա: Առայժմ, եթե քայլ կատարում են, եթե այսօրվա կառավարությունը, ցանկացած կառավարություն ցանկացած քայլ կատարի, կարող է մեկի սրտով լինի, 10- ի սրտով չլինի եւ սկսենք գնահատականներ տալ՝ դա ճիշտ չի: Ես գնահատականներ չեմ ցանկանում տալ այսօրվա քայլերին: Եթե ինչ-որ քայլ կատարվում է եւ իրոք դրա տակ կան հիմքեր, որը պատկան մարմինները կմեկնաբանեն, որ իրոք արդարացի են, որեւէ մեկը չի կարող պաշտպանվել այդ հարցերից: Եթե դրանք անընդհատ շարունակական են եւ զուրկ են հիմքերից, բնականաբար, մենք հետեւություններ կանենք եւ կանենք հայտարարություններ»:

Վահրամ Բաղդասարյանին վրդովվեցրել էր մամուլում օգտագործվող հետեւյալ տերմինները՝ «հեղափոխական, հակահեղափոխական, սաբոտաժ, ռեւանշիստ»: Նա ասաց. «Ես պաշտոնապես ձեզ հայտարարում եմ՝ ՀՀԿ-ն գաղափարական պահպանողական քաղաքական ուժ է, բոլշեւիկյան այդ տերմինոլոգիաները խնդրում եմ չկապել մեր քաղաքական ուժի հետ: Դրանք մեզ հարիր չեն, մենք նման գործողություններով չենք զբաղվում»:

Aravot.am_ի դիտարկմանը, որ գեներալ Մանվելը բա Սերժ Սարգսյանին չէ՞ր ասում, որ վերջին բոլշեւիկն է՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Դրանց իմաստները դուք պետք է տարբերեք: Քաղաքական ուժի հետ կապված, անհատների հետ կապված գնահատականները տարբեր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031