Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունից առգրավել են համակարգիչները եւ փաստաթղթեր: Նաեւ հարցաքննության են հրավիրել ընկերության որոշ աշխատակիցների:
Ըստ մամուլի հրապարակումների, այս ընկերության հետեւում կանգնած է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամանակ էլ ստեղծվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը: Այս ընկերության տնօրենն էլ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը օրեր առաջ վստահեցրել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սպասվում են լուրջ բացահայտումներ:
Aravot.am-ը ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանից հետաքրքրվեց՝ արդյոք հարցաքննման հրավիրվածներից է նաեւ ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը, եւ ընկերությունում նման գործողություններ սկսելու հիմքը ո՞րն է՝ հարկե՞ր են թաքցրել, կոռուպցիոն դրսեւորումների կասկածներ կա՞ն, թե այլ հիմքեր: Պարոն Գալստյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նոր բան չի կարող ասել, ավելի ուշ հայտարարություն կտարածեն: Գալստյանը հաստատեց՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ում ԱԱԾ-ի գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է:
Ինչ վերաբերում է մենաշնորհային դիրք զբաղեցնող այս ընկերությանը, ապա այն ի սկզբանե հարուցել է տնտեսվարողների դժգոհությունը: Ըստ էության, այս ընկերությունը ստեղծվեց հենց կարգոների դեմ, եւ վերջիններիս գործառույթը սկսեց ինքն իրականացնել: ՊԵԿ նախկին պետ Հարությունյանն ու տեղակալները պնդում էին, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը ստեղծվել է բեռնափոխադրողների եւ մանր առեւտրով զբաղվողների գործառույթները համակարգելու, նրանց աշխատանքը պարզեցնելու, փաստաթղթավորում անելու, տնտեսվարողներին հնարավորություն տալու 5%-ի փոխարեն 1,5% վճարել:
Մինչդեռ, տնտեսվարողները դժգոհում էին, նշելով՝ ստիպված են 1 տոննա բեռի համար ձեռներեցը ստիպված պետք է հավելյալ շուրջ 700 դոլարի չափով վճարում կատարել:
ՊԵԿ նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանն էլ վստահեցրել էր, թե այդ ընկերությունը լինելու է ՊԵԿ-ի վերահսկողության տակ, մաքսազերծումն իրականացնելու է օրենքի տառին համապատասխան՝ պայմանագրային հիմունքներով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ