Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով «Ընտրական օրենսգրքի» մասին՝ ասաց, որ իրենց բոլոր առաջարկությունները 2017-ի ընտրություններից առաջ ներկայացրել են ԸՕ քննարկման ժամանակ, այդ օրենսգիրքն էլ ընդունվել է կոնսենսուսով, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի սրտով էր:
Նա ասաց, որ ԱԺ քաղաքական ուժերի հետ եկել են համաձայնության այդ օրենսգրքի շուրջ, ընտրությունների մասին միջազգային կառույցների գնահատականը եղել է դրական, ՍԴ-ում ընդամենը մեկ բողոք է եղել. «Հիմա մենք բնականաբար առաջարկություններ չունենք, բայց որեւէ քննարկումից չենք հրաժարվում»:
Հարցին՝ դուք պատրաստակա՞մ եք քննարկումներ սկսել եւ աշնանն արդեն անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք առաջ են շարժվում Սահմանադրությամբ, եթե թույլատրելի է դա անել Սահմանադրությամբ՝ կլինի. «Չկա փաստաթուղթ, չկա քննարկում: Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022-ի ԱԺ ընտրություններին»:
Ըստ Բաղդասարյանի, արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը չկա: Մենք հավատարիմ ենք մեր որդեգրած քաղաքականությանը, որեւէ խոչընդոտ չենք հանդիսանալու ներկայիս կառավարությանը, մենք պետք է ընդառաջենք այն ծրագրի իրականացմանը, որը միտված կլինի մեր երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, այս պարագայում ես չգիտեմ ինչն է դրդապատճառը, որ պետք է գնալ արտահերթ ընտրություններին: Եթե կլինեն դեպքեր, երբ մենք վտանգ կզգանք մեր անվտանգության, երկրի արտաքին քաղաքականության հետ կապված, կհրավիրենք բանակցությունների»:
Հարցին՝ դրդապատճառ չի՞ այն, որ անհամատեղելիություն կա, փոքրամասնությունը կառավարություն է՝ նա պատասխանեց՝ իսկ ապրիլին չէի՞ք մտածում այդ մասին, որ կարող էր նման խնդիրներ առաջանալ. «Դրա համար հարկավոր էր համբերել 2022 թվականին: Գնացել ենք այդ քայլին, մենք իրավիճակը գնահատելով՝ ընդառաջել ենք: ԱԺ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել՝ առանց խոչընդոտ հանդիսանալու կառավարության աշխատանքին»:
Նա ասաց, որ մայիսի 8-ին Փաշինյանի ելույթը բավականին խոստումնալից էր, այնտեղ որեւէ շեղում չկար ՀՀԿ-ի ծրագրային դրույթներից. «Մենք չէինք մեղավորը այս իրավիճակի ստեղծման համար»:
Հարցին՝ սա երկիշխանություն կարո՞ղ ենք համարել՝ նա պատասխանեց, որ «ԱԺ-ում մենք ենք իշխանությունը, բայց կառուցողական ընդդիմություն ենք կառավարությանը: ԱԺ-ում մենք մեծամասնություն ենք, պաշտոնապես չենք կարող ընդդիմություն լինել»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հստակ խոսեց արտահերթ ընտրությունների մասին, եթե դուք դրդապատճառ չէիք տեսնում, ինչո՞ւ կողմ քվեարկեցիք նրան՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ավելի բարձր գնահատեցին մեր երկրի խաղաղությունը: Նա ասաց, որ իրավիճակային լուծում են տվել, որ կարողանան փողոցը հանդարտեցնել. «Չենք փոշմանել, ճիշտ ենք վարվել: Իսկ ինչ վերաբերում է մնացածին, եթե մենք Նիկոլ Փաշինյանին կողմ ենք քվեարկել եւ ընտրել ենք վարչապետ, այսինքն, մածունը սեւ-սպիտակ, պետք է դրա հետ համաձայնվե՞նք, այդպես չի լինելու»:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի ձեւավորած նոր կառավարությունը, դրակա՞ն է ձեր վերաբերմունքը կառավարության նոր անդամների մասին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա գնահատական տալուց, նշանակվածների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ են: Նա հորդորեց տալ ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ