«Մեր ներկայիս կարեւոր նպատակն է՝ Արցախին կրկին ներգրավել բանակցություններում: Դա կարող է տեղի ունենալ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու մասին հայտարարությանը, ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ակնարկելով, որ հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպում է սպասվում:
Իսկ ահա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հնարավոր հանդիպման մասին Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Դա հնարավորության հարց չէ, այլ բանակցությունների ձեւաչափի»: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը, ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ այս պահին օրակարգում նման հարց չկա:
Մնացականյանը մեկնաբանեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում Արցախյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ կստեղծվեն. «Բոլորիս հույսն է, որ կարգավորումը շատ շուտով կլինի, բայց այն պետք է արտահայտի մեր շահերը, նպատակներն ու ձգտումները: Խոսում ենք փոխզիջման մասին, բայց դրա հիմքում մեր շահերը պետք է լինեն՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը»: Նախարարը հավելեց, որ մտադիր են պահպանել բանակցությունների շարժունակությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ