Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու եւ պատասխանատվություն կիսելու մասին

Մայիս 25,2018 13:50

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ընտրական օրենսգրքի» մշակման հետ կապված ասաց, որ Դանիել Իոաննիսյանն է զբաղվում դրանով, բայց թե ովքեր են ներգրավված այդ խմբում, չգիտի. «Վարչապետի հետ խոսել ենք, ներկայացրել ենք մեր մոտեցումները ԸՕ-ի հետ կապված, որը նորություն չէ: Երբ կլինի այդ խմբի եւ մեր հանդիպումը, այն ժամանակ ավելի առարկայական կարող ենք քննարկել: Առաջինը ռեյտինգային ցուցակն է, երկրորդը՝ ընտրողների ցուցակը, երրորդը՝ ընտրողների նույնականացման համակարգի ներդրումը, որը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, նաեւ ժամանակ: Մենք պետք է անդրադառնանք նաեւ Քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները, «Կուսակցությունների մասին» օրենքին, որ ՀՀ-ում կուսակցության ֆինանսավորումը չլինի տաբու ու ստվերային, միայն իշխանական կուսակցությունները չֆինանսավորվեն, գործարարները կարողանան թափանցիկ բանկային փոխանցումով աջակցել այն կուսակցությանը, որին ցանկանում է: Սա կբերի կուսակցությունների ֆինանսական կայունության, նաեւ կիմանանք, թե որ ուժերը ինչ խմբերի շահեր են պաշտպանում»:

Ըստ Մարուքյանի, սա նորմալ է ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում գիտեն,, թե Դեմոկրատների կուսակցությունը ինչ կապիտալ է պահպանում, գիտեն, թե, օրինակ, Կանաչների կուսակցությունը որտեղից է սնվում:

Լրագրողները Մարուքյանին հարցրեցին, թե իր կարծիքով ի՞նչ սկզբունքով է ձեւավորվել կառավարությունը, ինչքան էլ որ ժամանակավոր է, բայց կառավարության բոլոր ներկայացուցիչները պատրաստվո՞ւմ են պատասխանատվություն կրել այս կառավարության գործունեության համար, ո՞ւմ վրա է լինելու պատասխանատվությունը, ստորագրվելո՞ւ է կոալիցիոն կամ այլ հուշագիր, պարտավորվածությունների համաձայնագիր: Մարուքյանը պատասխանեց. «ԱԺ կանոնակարգ օրենքով խմբակցությունների պաշտոնական դիրքավորումները կարող են փոփոխվել, եթե լինի կոալիցիոն հուշագիր: Եթե ստորագրվի հուշագիր երեք խմբակցությունների միջեւ, այդ երեք խմբակցությունները կկոչվեն կառավարող խմբակցություններ: Այն խմբակցությունը, որը դուրս կմնա հուշագրից, կկոչվի ընդդիմադիր խմբակցություն՝ անկախ մեծաքանակ լինելու հանգամանքից: Ես այս պահին չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ կլինի հուշագիր, բայց վարչապետը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ձեւավորել համերաշխության կառավարություն, բոլորը հրավիրվում են աշխատելու: Այդ պրոցեսին մասնակից են դարձել ԱԺ 3 խմբակցություններ, ներկայացրել են թեկնածուներ նախարարների, որոնք մասնագետներ են: Քաղաքական նշանակումներ են դրանք, բայց յուրաքանչյուրը տվյալ ոլորտում փորձ ունեցող մասնագետներ են: Մենք ներկայացրել ենք Մանե Թանդիլյանին, նա այդ ոլորտի հետ որպես շփված մարդ, իր գործունեությունը կիրականացնի: Ներկայացրել ենք Արտակ Զեյնալյանին, նույնը՝ Զեյնալյանը, Արայիկ Հարությունյանին, նույնը՝ նա»:

Հարցին՝ իրենց հաջողության կամ ձախողման համար ո՞վ է կրելու պատասխանատվություն՝ վարչապե՞տը, թե՞ նրանց ներկայացրած ուժը՝ Մարուքյանը պատասխանեց. «Բնականաբար, բոլորս պատասխանատու ենք մեր ներկայացրած թեկնածուների համար, երկրորդը՝ նաեւ կառավարության գործունեության համար, որովհետեւ կառավարության ծրագիրը մենք պաշտպանելու ենք եւ կողմ ենք քվեարկելու: Բայց ես կհորդորեի, որ ոչ թե սպասեք կառավարությունը ձախողի, որ ասեք ով է պատասխանատու ձախողման համար, այլ ինչ-որ բանով աջակցեք կառավարությանը, որ չձախողի: Ես ձեզ վստահեցնում եմ, նախ ձախողում չի լինելու եւ երկրորդ՝ ձախողելու պարագայում դա ՀՀ-ի ձախողումն է լինելու»:

Նա ասաց, որ եթե հուշագիր ստորագրվի, այդ խմբակցության պատասխանատվության բեռն ավելի կմեծանա:

«Ելք» խմբակցության ղեկավարի հարցը, պարոն Մարուքյանն ասաց, որ դեռ չի քննարկվել: Ըստ նրա, խմբակցության ղեկավարի պաշտոնը պատիվ չի, ստատուս չի, բեռ է: Իսկ այդ հարցը չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հայտնի հանգամանքների բերումով բացակայում է, կքննարկեն այն ժամանակ, երբ նա գա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031