Այս պահին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Հայաստանի էլեկտրական ատոմակայանում՝ ՀԱԷԿ-ում շրջայց է կատարում: Նախարարին ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ծանոթացնում է աշխատանքային պայմաններին եւ ներկայացնում, թե ինչպես եւ երբ պետք է ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվի՝ շահագործման ժամկետը երկարաձգելու եւ արդիականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքները կատարվում է Ռուսաստանի կողմից տրամադրված 270 միլիոն դոլար վարկային միջոցներով եւ 30 մլն էլ այլ աղբյուրներից դրամաշնորհով:
Նախարարը շրջեց, ատոմակայանի տնօրենին մանրամասն հարցուփորձ արեց, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Aravot.am-ի հարցին՝ ատոմակայանի կանգ առնելու պարագայում էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում էներգիան պակասելու է եւ դրա մի մասը լրացվելու է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ նաեւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից, որի արտադրած էներգիան ավելի թանկ է, Արթուր Գրիգորյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացում չի սպասվում:
ՀԱԷԿ-ի պատասխանատուների փոխանցմամբ՝ արդիականացման միջոցառումներից հետո երկրորդ փուլով նախատեսվում է սարքերի եւ սարքավորումների փոխարինման աշխատանքներ կատարել:
Լրագրողների հետ ճեպազրույցից հետո նախարարը կհանդիպի ատոմակայանի աշխատակիցներին: ՀԱԷԿ-ի պատասխանատուների խոսքով՝ երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկելուց հետո ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը, հունիսի 1-ից էլ կկանգնեցվեն ռեակտորը եւ թիվ 3 տուրբոագրեգատը: Համաձայն ժամանակացույցի՝ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ: Իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին: Էներգաբլոկը առավելագույն հզորության կհասնի այս տարվա սեպտեմբերի 1-ին:
Արթուր Գրիգորյանի հետ հարց ու պատասխանը՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ