Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը քաղաքական հետապնդումների մասին դիմում-բողոքներ է ստացել եւ պահանջել է ապացույցներ, որ հիմնավորի

Մայիս 25,2018 13:41

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը քաղաքական հետապնդումների մասին Արմեն Աշոտյանի մտահոգությունների հետ կապված ասել էր՝ «Որեւէ բան չի խանգարում Աշոտյանին հավաքել բավարար թվով ստորագրություններ ու դիմել Սահմանադրական դատարան: Նրանք ունեն այդ հնարավորությունը, մենք երկար տարիներ չենք ունեցել նման ստորագրությունների քանակ: Աշոտյանը, օրինակ, կարող է վերջին հաշվով դիմել ՄԻՊ-ին, կարող է դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, անձամբ Արթուր Սաքունցին, կարող է դիմել Ավետիք Իշխանյանին կամ կարող է դիմել «Իրավունքի Եվրոպա» միությանը: Ես ինքս պատրաստ եմ նրան աջակցել»:

Հիշեցնենք, որ Աշոտյանը հորդորել էր մարդկանց, որոնք Փաշինյանի եւ նրա իշխանության կողմից քաղաքական հետապնդման են արժանանում, դիմեն իրեն:

Ի պատասխան Մարուքյանի հորդորին՝ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես արդեն ստանում եմ ի պատասխան իմ կոչին դիմումներ: Բնականաբար, այդ դիմումներին չեմ վերաբերվում որպես էմոցիոնալ արտահայտումների հնարավորություն: Ամեն մի դեպք, որը մատնանշում է նամակի մեջ այս կամ այն քաղաքացին, լրացուցիչ հետաքննության, ուսումնասիրության կարիք ունի: Առաջին բանը, որ ես պահանջում եմ, համապատասխան փաստաթղթերն են, որոնք կարող են ապացուցել կամ հիմնավորել այդ բողոքը»:

Աշոտյանն ասաց, որ բողոքների քանակը աճում է. «Պարոն Մարուքյանի առաջարկին ի պատասխան ասեմ՝ շնորհակալություն, բարձր եմ գնահատում իր մտահոգությունները: Կարծում եմ, այս դեպքում իր պարտավորությունն է, որպես իշխանության մաս, ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառի նման տեսակի մտահոգությունների եւ կոնկրետ դեպքերի գոյությունը: Սա է իշխանության թիվ մեկ պարտավորությունն այսօր: Իսկ իրավապաշտպանների հետ աշխատելու հնարավորություն, բնականաբար, տեսնում ենք, հատկապես, եթե գտնենք այնպիսի իրավապաշտպաններ, որոնք այս ընթացքում իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպան անաչառ գործունեությանը»:

Մեր հարցին՝ կարո՞ղ եք գեթ մեկ տնօրեն բերել ՀՀԿ-ական, որը կասի, որ իրեն ստիպել են կուսակցությունից դուրս գալ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հաջորդ շաբաթ կասի ամեն ինչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031