Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների չեղարկումը հանրային ամենատարբեր քննարկումների առիթ է դարձել: Որոշում է կայացվել«Համաներման» տարբերակով չեղարկել վերջին վեց տարվա ընթացքում ՃՈ տեսանկարահանող սարքերի արձանագրած Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով նշանակված բոլոր տուգանքները:
Առաջին հայացքից «մարդասիրական» թվացող այս որոշումը առնվազն տարօրինակ է: Ինձ համար, որպես օրինապահ վարորդի, ով տարվա կտրվածքով երեք-չորս «սեւ թուղթ» է ստանում ՃՈ-ից, սա նույնիսկ վիրավորական է: Այսինքն՝ կարելի էր առանձնապես չհետեւել Ճանապարհային երթեւեկության (ՃԵ) կանոններին, երթեւեկել՝ «ոնց քեֆդ տա», տարիներով չմուծել եկած տուգանքները եւ… սպասել «իրավիճակի փոփոխությանը»: Սա ամենաքիչը անտրամաբանական է, հղի հակաօրինականության մշակույթի խրախուսմամբ ու տարածմամբ:
Կայացված որոշումն ինչ-որ տեղ հասկանալի ու ընդունելի կլիներ, եթե, օրինակ, ձեւավորվեր «տուգանքների ներման եւ չեղարկման» հարցերով հանձնաժողով, որը կքննարկեր յուրաքանչյուր դեպք, կպարզեր խախտման հանգամանքները, հաճախությունը, դիտավորության աստիճանը, պատժի համաչափությունը, քաղաքացու սոցիալական վիճակը, վճարունակությունը եւ այլ հանգամանքներ: Որից հետո յուրաքանչյուր դեպքի հետ կապված կկայացներ հիմնավորված որոշում: Բայց որոշել չեղարկել միանգամից ու բոլորը` թացն ու չորը իրար խառնելով… սա առնվազն ամբոխահաճո, իսկ առավելագույնը` օրինականության հետ խնդիրներ ունեցող որոշում է:
Սա վատ նախադեպ կարող է լինել, եւ որոշումը, կարծում եմ, վերանայման կարիք ունի: Առանց այն էլ օրինապահությունն ու կարգուկանոնը մեր ազգային խառնվածքին խիստ բնորոշ հատկանիշներ չեն, եւ դա գաղտնիք չէ մեր իրականության մեջ:
Որպես ամփոփում
(կամ միգուցե`
հենց նախաբան)
Երթեւեկությունը մեր կյանքի մանրակերտն է: Մենք ապրում ենք այնպես, ինչպես երթեւեկում ենք (կամ` հակառակը): Ավելին, երթեւեկությունը մարդու օրինապահության առաջնային եւ ամենացայտուն ցուցիչն է: (Նաեւ` ներքին հատկանիշների` ազնվության, հանդուրժողականության, մարդկայնության, պարկեշտության, չափավորության եւ այլն):
Երթեւեկությունն այն միջավայրն է, որտեղ մենք հաճախակիորեն, ամենաինտենսիվ ձեւով առնչվում ենք այլոց հետ, ամենատարբեր մարդկանց հետ` վարորդների ու հետիոտների, կանանց ու տղամարդկանց, մեծերի ու փոքրերի, հաշմանդամների եւ հասարակական այլ խմբերի հետ: Երթեւեկությունը հանրային հարաբերությունների մեր առաջնային կարգավորիչն է եւ այդ հարաբերություններում մեր դրսեւորման առաջնային օղակը:
Երթեւեկության միջոցով մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով հարաբերվում ենք (առնչվում ենք) պետության հետ, նրա սահմանած օրենքների եւ հարաբերությունները կարգավորող այլ նորմերի հետ: Երթեւեկությունը ամենաառաջնային ցուցիչն է օրինապահ քաղաքացու համար:
Այդ պատճառով է, որ օրինականության ապահովման` պետության կարեւորագույն եւ առաջնային գործառույթը այդ նույն պետությունը պետք է ապահովի նախեւառաջ երթեւեկության խստագույնս կանոնակարգման միջոցով: Այն պետք է արտահայտվի օրենքների (առաջնահերթ` ՃԵ կանոնների) իրավաչափ ու անշեղ կիրառմամբ, օրինախախտումների կանխարգելման եւ պատժի համաչափության ու անխուսափելիության պարտադիր սկզբունքներով:
ՃԵ կանոնների պահպանմամբ է առաջին հերթին դրսեւորվում քաղաքացու հարգանքը պետության եւ օրենքների հանդեպ: Կրկնեմ, քանզի կարեւոր է՝ ՃԵ կանոնների պահպանումը քաղաքացու օրինապահության համար մեկ ցուցիչն է:
Ցավոք, ՃԵ կանոնները մեր իրականության մեջ դարձել են սովետի ժամանակների «հանրային սեփականության» պես մի բան: Այն «ոչ մեկինն էր», հետեւապես առաջինն էր գողացվում, թալանվում, կեղեքվում: «Անտերի», «որբի» կարգավիճակ ունեցող մեր երթեւեկությունը խախտում է յուրաքանչյուրը, ով կարող է այդ պահին եւ «չի ալարում»: Ճանապարհի մեջտեղը կայանելը եւ կողքի մեքենայի «լավ ախպոր» հետ ապակիների արանքից զրուցելը տվյալ «ախպոր» համար ընդամենը պահի, «նպատակահարմարության» հարց է, ոչ` օրենքի: Նաեւ` արժեքային համակարգի (մեկը մյուսից բխող). այլոց «տարածքը», երթեւեկելու իրավունքը, ժամանակը զավթելու, այլոց անթաքույց արհամարհելու մշակույթի դրսեւորում: Կարմիր լույսի տակով «թափով անցնելը» արդեն ճարպկության դրսեւորում է, դե իսկ «վստրեչով» հերթ կանգնած մեքենաների շարասյունը շրջանցելը «ամենակարողության» իսկական դրսեւորում է, նամանավանդ` ռուսական եռանիշ համարներով…
Ի՞նչ կմտածի այս ամենը տեսնող օրինապահ վարորդը: Ի՞նչ խոհեր ու մտորումներ նա կունենա երկրի ու պետության կարգերի ու բարքերի մասին:
Սա ապտակ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած, խցանման մեջ գտնվող կամ ավտոշարասյան հերթում սպասող օրինապահ վարորդին: Սա ապտակ է փողոցը սահմանված տեղով հատող օրինապահ հետիոտնին:
Սա շառաչուն ապտակ է պետությանը, նրա օրենքներին ու իրավապահ համակարգին, օրինականություն ու իրավակարգ սահմանած նրա իշխանություններին:
Ուշադիր լինենք արժեքային հարցերում, տեսանենք արմատը: Այլապես հռչակված Նոր Հայաստանը շատ կուշանա:
ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆ
կառավարման մասնագետ, վերլուծաբան
Երեկ կառավարության նիստին այս նախագիծը ներկայացնելու ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ հանրության շրջանում կա դժգոհություն՝ բարեխիղճ վարորդները, որոնք վճարել են տուգանքները, պահանջում են վերադարձնել գումարները: Վարչապետ Փաշինյանը հանձնարարեց բոլոր տեսակետները քննարկել ու հավասարակշռված որոշում կայացնել, քանի որ բարեխիղճները վճարել են, շատերը չեն վճարել, շատերն էլ ի վիճակի չէին վճարել՝ սոցիալական պատճառով:
«Առավոտ»
25.05.2018