Տարիներ առաջ համագործակցության հուշագրեր են ստորագրվել ՀՀ ԿԳՆ-ի, ՊՆ-ի և ԵԿՄ-ի միջև, որոնց հիման վրա պետբյուջեից ամեն տարի լուրջ գումարներ են նախատեսվել Երկրապահ կամավորական միությանը ՝ անհասկանալի կրթության համար, չնայած գեներալ Մանվելն ասում է, թե ինքը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ: Այդ կրթությունը ոչ մեկը չի լիցենզավորել, ոչ մեկը չի ստուգել, թե ի՞նչ են այնտեղ սովորում: Ոլորտը քաղաքականացվել է նաև այս ձևով ու քաղաքական հեռահար նպատակներով: Ինչպես ազնիվ տնօրեններից մեկն է ինձ գրել. «Դպրոցներին հանձնարարվել է զինղեկի կամ որևէ մանկավարժի հետ շաբաթ և կիրակի օրերին մասնակցել սերժանտական դասընթացներին` ոտնահարելով մարդու հանգստի իրավունքը` պատճառելով նաև ավելորդ ֆինանսական ծախսեր:»
Էլ չեմ ասում, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մանկապարտեզների շենքեր են անհատույց տրվել Երկրապահ կամավորական միությանն այն դեպքում, երբ շենքերի պակասի պատճառով նախադպրոցական կրթությունը, չնայած երկրի ստանձնած պարտավորություններին, հասանելի չէ Երևանի բոլոր երեխաների համար:
Անհրաժեշտ է անհապաղ ստուգել կրթության ոլորտում ԵԿՄ-ի գործունեությունն ու նրան հատկացված ֆինանսների նպատակային ու արդյունավետ լինելու խնդիրը:
Կարծում եմ վերոնշյալ ստորագրված հուշագիրը պետք է չեղյալ հայտարարել, քանի որ այն ավելի քաղաքականացված է, քան նպատակային, նամանավանդ որ, ոչ մի նախարարություն չի կատարել ըստ հուշագրի իր ստանձնած պարտավորությունները:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ