Օրեր առաջ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ոլորտը շտապ կարգով բարե-հեղափոխելու, համակարգում պտտվող «ատկատային» ռիսկերը չեզոքացնելու իր հանձնառությանը հավատարիմ, հայտարարել էր, որ պետությունն այլեւս չպետք է աջակցի «էլիտար դպրոցներին». «Տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ հարյուրավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցներին»։
Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում «հստակեցնելով» մտադրության «ճանապարհային քարտեզը»՝ այսպիսի գրառում էր արել. «Այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ։ Դրա արդյունքներից հետո կխոսենք։ Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական («Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, նույնանուն դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ.– Ա.Հ.) Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։
Ոչ մի խոսք այն մասին, թե հատկապես ինչպես է արտահայտվել այդ «վնասը», «էլիտարի» համբավ ունեցող կրթական սույն հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահն ինչո՞ւ է հայտնվել իր «անբարեհաճության» դաշտում, արդյոք, պատճառն այն չէ՞, որ ժամանակին խորհուրդներ է տվել Սերժ Սարգսյանին, կամ, որ ավելի վատ է՝ դպրոցի հիմքում դրված արժեհամակա՞րգը չի համապատասխանում նախարարի դավանած արժեքներին։
Կարելի էր, չէ՞, ժամանակից առաջ չընկնել, եթե մեր կրթական համակարգի ամենահրատապ խնդիրներից մեկն իսկապես Արարատյան բակալավրիատում (սա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար նախատեսված, միջազգայնորեն ճանաչված հայալեզու ու հայաշունչ հանրակրթական ծրագիր է, որ ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի եւ Քեմբրիջի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ եւ լրամշակվել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում) ֆինանսական աուդիտ անցկացնելն է, գուցե արժեր մի քիչ «ոտքը կախ գցել»՝ ձեռքի տակ ունենալ մասնագետների եզրակացությունը, հետո նման հավակնոտ հայտարարություններ անել, ոչ թե «անկախ աուդիտորներին» ի սկզբանե ուղղորդել «անհրաժեշտ» ուղղությամբ:
Ոչ պակաս ուշագրավ է, որ Արարատյան Բակալավրիատի հավաստագիրը ներկայումս ճանաչված է 9 տարբեր երկրների 36 առաջատար այնպիսի համալսարանների կողմից, ինչպես նույն Քեմբրիջի համալսարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Վիեննայի բժշկական համալսարանը, Լոնդոնի թագավորական քոլեջը, «Կառավարման բարձրագույն ինստիտուտ» միջազգային բիզնես-դպրոցը։
Եթե սա է այն «ահռելի վնասը», որ Տեր Մեսրոպն ու իր համախոհները հասցրել են հայրենի կրթահամակարգին, մեզ մնում է համաձայնել «Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը. «Այս ձեռքբերումներն անտեսելը ոչ միայն անհեռանկար է, այլեւ վնասում է Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնում միջազգային հեղինակավոր կրթական կառույցների մասնագիտական կարողությունները եւ հուսախաբ անում Ազգային բակալավրիատի հազարավոր շահառուներին՝ աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին ու տնօրեններին»։
Եվ «լայք» տալ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշված է. «Աշխարհում լավագույն կրթությունը ունենալու ազգային երազանքի թեւերն ուզում են կոտրել։ Նրանց, ովքեր ուրախանում էին մեր հաջողություններով, ում ես պատմում էի, որ Հայաստանում պետությունը ներդրումներ է անում կրթության ապագայի համար, ուզում եմ հիմա ասել՝ Հայաստանում կրթության ապագան հարվածի տակ է դրվել այժմեական քաղաքական հավակնությունների պատճառով»։
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Տեր Մեսրոպի (քաղաքում հայտնի է որպես Մաթևոս Գենրիխովիչ) համար կարիք չկա անհանգստանալու: Իր տերտերական դուխը, կապերն ու արմատները անհաղթահարելի են: