Հատված բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի հարցազրույցից:
–Պարոն Գրիգորյան, մայիսի 22-ի ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օնլայն ռեժիմում բարի գիշեր մաղթելով ժողովրդին, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել հանքարդյունաբերության ոլորտում: Վարչապետն իր խոսքում ասաց, որ եթե ստուգումների ընթացքում հայտնաբերվեն բնապահպանական նորմերի խախտումներ, իրավական մեխանիզմներով խնդիրը կլուծվի: Կարելի՞ է ենթադրել, որ կփակվեն մի շարք հանքեր:
-Նման խնդիր դրված չէ, խնդիր է դրված ստուգումներ իրականացնելու, քանի որ, գիտեք, երկար ժամանակ ոլորտում նման ստուգումներ չեն անցկացվել, ինչը պայմանավորված է նախկին կառավարության կողմից ստուգումների կասեցման որոշմամբ: Այդ ստուգումների նպատակն է հասկանալ, թե որքանով են շահագործման թույլտվությունները օրինական, աղտոտման ծավալներն ինչ տոկոս են կազմում և այլ բնապահպանական հարցեր:
–Ստուգումների նպատակը հասկանալի է, իմ հարցը հետևյալն է. բացասական արդյունքների դեպքում կփակվե՞ն հանքարդյունաբերական որոշ կազմակերպություններ, գաղտնիք չէ, որ շատ հանքերի սեփականատերեր նախկին իշխանավորներ են կամ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ:
-Կփակվեն, թե չեն փակվի, այդ հարցը կախված է նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն ստուգումների արդյունքում: Այսօր հստակ է մի բան, որ ստուգումները անհրաժեշտություն են, որպեսզի հստակ պատկերացում ունենանք ներկայիս իրավիճակի մասին:
–Դուք եղել եք բնապահպանության փոխնախարար, Ձեզ համար տարօրինակ չի՞ եղել, որ մինչ օրս այդ ոլորտում ստուգումներ չեն իրականացվել, և ինչու՞ այդ հարցը չեք բարձրացրել նախարարությունում:
-Դուք ինքներդ էլ գիտեք, որ նախկին կառավարությունը որդեգրել էր ստուգումների քանակը նվազեցնելու քաղաքականություն, այդ պատճառով էլ ստուգումներ չեն իրականացվել:
–Այո, բայց նախկին կառավարությունը ստուգումները չի կասեցրել հանքարդյունաբերության ոլորտում: Նման որոշում չի եղել, ինչու՞ Դուք, որպես փոխնախարար, չեք կարևորել ոլորտում ստուգումների հարցը:
-Ես փոխնախարար եմ եղել վերջին մեկ տարում, և այդ ընթացքում, կարելի է ասել, ոլորտը մի նախարարությունից անցավ մյուս նախարարության ենթակայության տակ:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում