«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: Մենք ողջունում ենք հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ:
Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, այդ թվում նաև «Լիդիանի Արմենիայի» Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել՝ փակելով ճանապարհները և խոչընդոտելով աշխատանքներին: Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների և համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ առկա են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև պահանջներ էին ներկայացնում ծրագրում աշխատատեղեր ունենալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընկերությունն ունի բողոքների արձագանքման հստակ սահմանված պաշտոնական մեխանիզմ և հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին այդ հնարավորությունից օգտվելով՝ ներկայացնել իրենց բողոքներն ու մտահոգությունները և այդպիսով նպաստել համատեղ կառուցողական լուծումներին:
Այս պահին, Ամուլսարում բնականոն աշխատանքները վերականգնվել են:
«Լիդիան Արմենիա»